Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի խաղացանկն ավելացավ ևս մեկ ներկայացումով: «Գլխավոր դերը» Թբիլիսիի պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում է` արդեն երկրորդ անգամ:
Ներկայացման բեմադրիչը Դիմիտրի Խվթիսիսաշվիլին է: Ազգությամբ վրացի ռեժիսորն ասում է` այդքան էլ դժվար չէր` չիմանալով հայերեն` «լեզու գտնել» դերասանախմբի հետ ու փոխանցել ներկայացման էներգետիկան ու ասելիքը տեղ հասցնել. «Հետաքրքիր դերասանների հետ գործ ունեի, նրանք անխոս` վրաստանյան միասնական թատերական ընտանիքի լիիրավ անդամներ են: Սա մեր թատրոնն է` հայերենով: Գաղափարն էլ ծնվեց` վրացիներին վրացական պիես ներկայացնել` հայերենով: Պրոֆեսիոնալ առումով նրանք շատ նուրբ են աշխատում, միայն հավատ է պետք ու համոզմունք, որ իրենց մոտ կստացվի»,- Խվթիսիսաշվիլին:
Պիես` թատրոնի մասին: Այսպես է ներկայացնում հեղինակը`Թամար Բարթաիան իր հայտնի ստեղծագործությունը` «Գլխավոր դերը»: Այն, ինչ կատարվում է թատրոնում` կուլիսների ետևում, միշտ չէ, որ հանդիսատեսին է հասնում: Ուրախություն ու դժբախտություն, դավաճանություն, սեր, սպասում, հուսահատություն, արցունքներ, ծափեր: Ու գլխավոր դերն այդպես էլ ոչ ոք չի խաղա:
Սա պիեսի երրորդ բեմադրություն է: Հեղինակն ասում է` բոլորը յուրովի են փոխանցում հանդիսատեսին` իր ասելիքը: Սա դրամատուրգի համագործակցության առաջին փորձն էր հայկական թատրոնի հետ. «Երջանիկ եմ հաջողակ համագործակցության համար, իմ ամենաթանկ հարևանները միշտ հայեր են եղել, ու հպարտ եմ, որ իմ հեղինակած գործը նաև հայերենով ներկայացվեց, մեկ բառով` լավ ստացվեց»,- ասում է դրամատուրգ Թամար Բարթաիան: