Պրակտիկոս ուսուցիչների անվերջ «վերջին շանսը» կամ հանրակրթության խնդիրները

Վրաստանում հանրակրթության որակի բարձրացման շրջանակներում 2010-թվականից սկսած անցկացվում են ուսուցիչների առարկայական և մասնագիտական հմտությունների իրավասությունների հաստատման քննություններ:

Այս պահին Վրաստանում ուսուցիչների հիմնական երեք աստիճանակարգ կա` ավագ, առաջատար, մենթոր։

Մինչև ավագին հասնելը պրակտիկոսներն են, որոնք հաղթահարելով առարկայական և մասնագիտական հմտությունների քննություններն ու հավաքելով միավորներ ստանում են ավագի կոչում։ Հատկանշական է, որ մինչև 2015 թվականն արդեն իսկ դպրոցում աշխատող ուսուցիչները ստացել են պրակտիկոսի կոչում, սակայն պարտավոր էին մինչև 2019 թվականը հաղթահարել վերոնշյալ քննությունները, որի համար անհրաժեշտ էր ընդամենը հավաքել առարկայական և մասնագիտական հմտությունների մաքսիմալ բալի 30%-ը, ինչպես նաև 19 կրեդիտ-միավոր, ու ստանալ ավագ ուսուցչի կոչում:

2019 թվականի ամռանը, սակայն, պարզ դարձավ, որ պրակտիկոս ուսուցիչների զգալի մասն անգամ չի հաղթահարել առարկայական քննության մինիմալ շեմը և աշնանը կրկին նշանակվեցին քննություններ:

Աշնան քննություններին ընդառաջ Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի հրամանով որոշվեց փոփոխել նոյեմբերին նախատեսված ուսուցիչների մասնագիտական և առարկայական քննությունների նվազագույն շեմը և 2019 թվականի ամռան քննությունների նվազագույն շեմից 1 տոկոսով իջեցնել: Սակայն այս շրջանում ևս պրակտիկոսների մեծ մասը չկարողացավ հաստատել իրավասությունները:

Այնուհետև, 2020 թվականին կորոնավիրուսով պայմանավորված՝ Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը հայտնեց, որ  գործող՝ պրակտիկոս ուսուցիչների համար քննությունները հետաձգվեցին և տեղափոխեցին 2020 թվականի աշուն, իսկ հուլիսին քննություն հանձնել կարողացան ուսուցիչ դառնալու հավակնորդները և «փնտրողի» կարգավիճակ ունեցող ուսուցիչները:

Գործող այն ուսուցիչները, որոնք 2020 թվականի աշնանը չէին կարողանա առարկայական և մասնագիտական ունակությունների քննությանը բարձրացնել կարգավիճակը, դպրոցի աշխատակազմը նրանց հետ աշխատանքային պայմանագիրը պետք է երկարաձգեր մինչև 2020-2021 թվականի ուսումնական տարվա ավարտը:

2020 թվականի հուլիսին՝ ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնը որոշում կայացրեց, ըստ որի՝ ոչ վրացալեզու դպրոցների «պրակտիկոսի» կարգավիճակ ունեցող ուսուցիչներին համակարգում թողնել մինչև 2023 թվականը: 

Այդուհանդերձ, 2020-ի աշնանը ևս չկայացան իրավասության հաստատման քննութուններն ու պրակտիկոսներին հնարավորություն տրվեց կրկին մնալ և աշխատել դպրոցում: Վրաստանում առկա համաճարակային իրավիճակից և առողջապահության նախարարության հանձնարարականներից ելնելով՝ ուսուցիչների քննությունները, ինչպես նաև հատուկ ուսուցիչների քննությունները որոշվեց ակցկացնել մինչև 2021-2022 ուսումնական տարվա սկիզբը:

2021 թվականի ամռանը կրկին տեղի ունեցան ուսուցիչների առարկայական քննություններ, որին մասնակցած 5340 պրակտիկոս ուսուցիչներից 2886-ին չհաջողվեց հաղթահարել նվազագույն շեմը:

ԿԳ-ն որոշեց, որ այն պրակտիկոս ուսուցիչները, որոնք հանձնել են առարկայական կամ մասնագիտական հմտության քննությունները մինիմալ բալով, սակայն չունեն 19 կրեդիտ-բալ՝  կաշխատեն դպրոցում մինչև 2021-2022 ուսումնական տարվա երկորոդ կիսամյակի սկիզբը, որի ընթացքում տարբեր ակտիվություններով կլրացնեին համապատասխան կրեդիտները: 

Օրերս, սակայն, Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը փոփոխություններ կատարեց ուսուցիչների մասնագիտական ​​զարգացման սխեմայում՝ կապված գործող ուսուցիչների հետ։

Մասնավորապես.

  • գործող այն պրակտիկոս ուսուցիչները, ովքեր դասավանդել են հանրակրթական հաստատությունում մինչև 2020 թվականի հունվարի 31-ը, և գրանցվել են ուսուցիչների քննությանը 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը և ունեն առարկայական և մասնագիտական ​​հմտությունների որակավորում կամ ստացել են առնվազն մեկ կրեդիտային միավոր՝ կստանան ավագ ուսուցչի կարգավիճակ և կմնան համակարգում,
  • գործող այն պրակտիկոս ուսուցիչները, ովքեր դասավանդել են հանրակրթական հաստատությունում մինչև 2020 թվականի հունվարի 31-ը և  չեն կարողացել գրանցվել ուսուցիչների քննությանը 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը, ունեցել են առարկայական և մասնագիտական ​​հմտությունների ապացուցված կարողություններ՝ առնվազն մեկ կրեդիտային միավորով՝  իրավունք ունեն մասնակցելու հանրակրթական հաստատության կողմից հայտարարված մրցույթին՝ ավագ ուսուցչի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար, իսկ հաջողության դեպքում՝ աշխատանքի ընդունվել հանրակրթական հաստատությունում՝ որպես ավագ ուսուցիչ,
  • գործող ուսուցիչները, ովքեր մինչև 2020 թվականի հունվարի 31-ը դասավանդել են հանրակրթական հաստատությունում և չեն կարողացել գրանցվել ուսուցչի քննությանը 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում և 10 կրեդիտով հանձնել են առարկայական քննությունը՝ իրավունք ունեն ուսուցչի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին մասնակցելու և մրցույթը հաջողությամբ ավարտելու դեպքում աշխատանքի ընդունվել հանրակրթական հաստատությունում՝ որպես ավագ ուսուցիչներ։

Մառնեուլիի շրջանի հայաբնակ Դամիա գյուղի դպրոցի «Կենսաբանություն» առարկայի ավագ ուսուցչուհի Լուսինե Դարբինյանն, ով առարկայական քննությունը հանձնել է 10, իսկ մասնագիտական հմտությունները 7 կրեդիտ-միավորով, «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ իր համար առարկայական քննությունը հանձնելն այդքան էլ բարդ չէր, քանի որ բարձրագույն կրթությունը ստացել է տվյալ մասնագիտությամբ:

«Առարկան հանձնելուն նպաստել է նաև տարբեր մասնագիտական թրեյնինգներին մասնակցելը: Շատ ավելի բարդ էր մասնագիտական հմտությունների քննությունը, քանի որ մինչև քննությանը մասնակցելը սովորել եմ վրաց լեզվի A1 և A2 մակարդակ. այնուհետև տարբեր թրեյնինգներ, ինքնակրթվել, որից հետո մասնակցել եմ քննությանը»,- ասում է Լուսինե Դարբինյանը՝ միևնույն ժամանակ ընդգծում, որ ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչների համար սա մի քիչ բարդ է:

Լուսինե Դարբինյանը նաև նշում է, որ քննությունները, իհարկե, կարևոր են՝ մանավանդ մասնագիտական առարկաներինը, սակայն, պետք է նաև հսկողություն լինի, քանի որ քննություն հանձնելը դեռևս չի նշանակում, որ ուսուցիչը դասը պրոդուկտիվ է անցկացնում կամ գիտելիք է փոխանցում:

«Նախարարությունից, այլ դպրոցներից գան՝ մտնեն դասալսման, բարձրաձայնեն թերությունները»,- ասում է Դարբինյանը:

Հայաբնակ մեկ այլ գյուղի ուսուցիչներից մեկն էլ, որը 1 միավորի պատճառով չի կարողացել հանձնել քննությունը,ասում է, որ քննությամբ կրթության որակ չեն բարձրացնում:

«Քննությունն ահավոր սթրեսային է, և գուցե հուզմունքից չի ստացվում կենտրոնանալ, հասնել արդյունքի: Մյուսն էլ, գուցե, չի հուզվում և հաղթահարում է քննությունը, բայդ սա չի նշանակում, որ ուսուցիչը ոչինչ չգիտի և նրան պետք է նորից ու նորից ենթարկել սթրեսի, որ մոռանան դաս անցնակցնելն ու ամբողջ ժամանակը նվիրեն քննություն պարապելուն»,- ասում է Գ.Ա-ն:

Ըստ Գ.Ա-ի՝ պետությունը պահանջում է ներկայացնել ուսուցչի կողմից արված ինչ-որ բան, և հնարավոր է, որ դա ուղղակի թղթի վրա գրվել, սակայն չի արվել, բայց ներկայացվում է որպես արված և պետությունն առանց աուդիտի ընդունում է այդ՝ տվյալ ուսուցչին տալիս ավագի կոչում: Սակայն ըստ Գ․Ա․-ի,, նման կերպ կրթության որակ չի բարձրացվում:

Գ.Ա-ն ևս կարևորում է դասալսումները և ասում. «Եթե մեկ անգամ անսպասելի մտնեն դասալսման և նկատողություն անեն այս կամ այն թերության համար՝ ավելի արդյունավետ կլինի, քան ուսուցչին ասել արա այսքան բանը և դու կստանաս ավագի կոչում: Այս պարագայում մեկն իսկապես աշխատում և անում է, իսկ մյուսը, ներքին համաձայնությամբ, ուղղակի ձևական տեղադրում է ամենը և վերջ»:

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր