
Պրահայում ընթանում է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի և Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեի հերթական հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը:
Հանդիպման սկզբում Աբաշիձեն տեղեկացրել է, որ օրակարգում նախատեսված են քննարկել առևտրա-տնտեսական հարաբերություններին, տրասնպորտային կապին և հումանիտար որոշ թեմաներին վերաբերող հարցեր:
«Ռուսաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառությունը վերջին 9 ամիսների ընթացքում գերազանցել է գրեթե 1 մլրդ դոլարը: Սա բավականին մեծ ծավալ է: ԵՄ-ից և Թուրքիայից հետո Ռուսաստանը Վրաստանի երրորդ գործընկերն է այս առումով: Ռուսաստանի հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ, այդ պատճառով նմանատիպ հանդիպումները պետք է հաճախակի բնույթ կրեն»,- հայտարարել է Աբաշիձեն։