Վրաստանի պաշտպանության նախարարության (ՊՆ) պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվել է Իսպանիայի Թագավորությունում։ ՊՆ փոխնախարար Գիորգի Խաինդրավայի գլխավորությամբ պատվիրակության անդամներին հյուրընկալել է Իսպանիայի պաշտպանության փոխնախարար Մարիա Ամպարո Գարցիան։
Ըստ Վրաստանի ՊՆ-ի՝ աշխատանքային հանդիպմանը քննարկվել են ռազմատեխնիկական ոլորտում երկու երկրների համագործակցության ընթացիկ հարցեր։ Զրույցի ընթացքում շոշափվել են համագործակցության ապագա ծրագրերն ու նախագծերը, որոնք կնպաստեն Վրաստանի պաշտպանության ուժերի կարողությունների բարելավմանը։
ՊՆ-ի հաղորդագրության համաձայն, այցի շրջանակներում Վրաստանի ՊՆ պատվիրակությունը ներկա է եղել Մադրիդում անցկացված ռազմական տեխնիկայի FEINDEF-23 խոշորագույն միջազգային ցուցահանդեսին, որտեղ ներկայացված է ինչպես ռազմական, այնպես էլ երկակի նշանակության տեխնիկա։