ՊՆ-ից 150 աշխատակից է հեռացվել. ճնշումներ պետաշխատողների վրա

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» (GYLA) իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը (ՀԿ) հրապարակել է պետական ​​հիմնարկներից, այդ թվում՝ պաշտպանության նախարարությունից (ՊՆ) հեռացված աշխատակիցների գնահատականը, ըստ որի` աշխատակիցների ազատման գործընթացը չի համապատասխանում օրենսդրությանը և քաղաքական ճնշում է պետական ​​պաշտոնյաների նկատմամբ։

Ըստ իրավապաշտպան ՀԿ-ի՝ ՊՆ-ից մինչ այժմ մոտ 150 աշխատակից է հեռացվել, որոնցից մի քանիսին ՀԿ-ն իրավական օգնություն է ցուցաբերում։ Կազմակերպության գնահատմամբ՝ գործընթացն իրականացվում է անարդար, ոչ թափանցիկ և դատական ​​պրակտիկայի անտեսմամբ, ինչը խախտում է պետական ​​հատվածի աշխատողների իրավունքները։

Կազմակերպությունը նշել է, թե հատկապես մտահոգիչ է, որ հեռացվածներից ոմանք ստորագրել են եվրոպական ինտեգրմանը սատարող հայտարարություն։

«Ազատվածներից շատերը կարծում են, որ իրենք հեռացվել են խտրական հիմքերով, քանի որ ստորագրել են եվրաինտեգրման գործընթացին աջակցող հայտարարություններ և/կամ բացահայտ արտահայտել են իրենց կարծիքը երկրի քաղաքական կուրսի վերաբերյալ պետական ​​կառույցներում», — նշել է GYLA-ն:

Իրավապաշտպան ՀԿ-ն վարչական մարմիններին կոչ է արել անհապաղ դադարեցնել պետական ​​ծառայողների ապօրինի ազատումը և ապահովել հանրային ծառայողների իրավունքների պաշտպանությունը։

Հանրությանն արդեն հայտնի է, որ երկրում շարունակվող եվրոպամետ բողոքի ցույցերին զուգահեռ հարյուրավոր աշխատակիցներ են հեռացվել պետական ​​հիմնարկներից։

Պաշտոնանկություններ ՊՆ-ում