Վրաստանյան «Բազմազգ Վրաստան» (PMMG) հասարակական կազմակերությունը (ՀԿ) իշխանական POSTV հեռուստաընկերության հայատյաց տեսանյութի վերաբերյալ հայտարարություն է տարածել:
PMMG-ն հայտնում է, որ նշված տեսանյութի առնչությամբ դիմել է «Լրագրողական էթիկայի խարտիա»-ին։ PMMG-ն նշել է՝ լրագրողը խտրականություն է ցուցաբերում պատասխանողի նկատմամբ էթնիկ պատկանելության հիման վրա։
Կազմակերպությունը գտնում է, որ նշված տեսահոլովականը խտրական է, քանի որ հիմնված է հասարակության մեջ հաստատված կարծրատիպային (տվյալ դեպքում՝ հայատյաց) վերաբերմունքի վրա, որին ընտրություններին մասնակցող կուսակցությունները, այդ թվում՝ իրենց հետ փոխկապակցված լրատվամիջոցների միջոցով, հաճախ դիմում են նախընտրական շահարկումների և քաղաքական օգուտներ ստանալու նպատակով։
Մասնավորապես, կազմակերպության կարծիքով, լրագրողը խտրականություն է դրսևորում պատասխանողի նկատմամբ էթնիկ պատկանելության վրա, երբ հարցեր տալիս օգտագործում է հետևյալ ձևակերպումները. «Ինչու եք թաքցնում ձեր ծագումը», «Գիտենք, որ հայկական ծագում ունետ, և ամաչում եք ընդունել դա», «Ես ունեմ փաստեր և անպայման ձեզ ցույց կտամ» և այլն:
«Ըստ այդմ՝ խախտվել է խարտիայի 7-րդ սկզբունքը, ըստ որի՝ լրագրողը պետք է հասկանա լրատվամիջոցների կողմից խտրականությունը խրախուսելու վտանգը։ Հետևաբար, պետք է ամեն ջանք գործադրվի՝ կանխելու խտրականությունը ցանկացած անձի նկատմամբ ռասայի, սեռի, սեռական կողմնորոշման, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ կարծիքի, ազգային կամ սոցիալական ծագման կամ որևէ այլ հիմքով»,- ասված է PMMG-ի հաղորդագրությունում։
Հիշեցնենք. իշխանական POSTV հեռուստաընկերությունը հայատյաց հարցեր է ուղղել ընդդիմադիր «Լելո» կուսակցության հիմնադիր Մամուկա Խազարաձեին: «Դուք ինչո՞ւ չեք խոստովանում, որ հայ եք, ամաչո՞ւմ եք»,- հարցով իշխանական մեդիայի լրագրողը փորձել է դիսկրեդիտացիայի ենթարկել քաղաքական գործչին՝ «մեղադրելով» նրան «հայ» լինելու մեջ: Տեսանյութը կարելի է դիտել այստեղ:
Ի դեպ, Վրաստանում առաջին անգամ չէ, երբ էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ ատելությունը կիրառվում է իշխանական մեդիայի կողմից՝ դիսկրեդիտացնելով քաղաքական գործիչներին:
«Խոստովանեք, որ հայ եք».Իշխանական հեռուստաընկերությունը դիսկրեդիտացնում է ընդդիմադիր քաղգործչին