«Պլատֆորմա 26». այսպես է կոչվում էմիգրանտների համար ստեղծված նոր հարթակը, որը հիմնադրել են մի քանի հասարակական շարժումներ։ Նպատակն աջակցությունն է արտերկրում ապրող քաղաքացիներին հոկտեմբերի 26-ին կայանալիք վրաստանյան խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ընթացքում։
Հարթակի նպատակներից է նաև ընտրողի համար իր բնակության վայրից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող տեղամաս հասնելու և հոկտեմբերի 26-ի ընտրություններում իր ձայնը տալու համար նյութատեխնիկական խնդիրների լուծումը։ Նշված օգնության համար էմիգրատները պետք է դիմում լրացնեն emguide կայքում:
«Վրաստանի նորագույն պատմության մեջ աննախադեպ թվով մարդիկ են գրանցված, ինչը մեզ նոր մարտահրավերի առաջ է կանգնեցրել՝ այդ մարդկանց բերել ընտրատեղամասեր, քանի որ մեր արտագաղթողների համար շատ մեծ ֆինանսական խնդիրներ կան»,- ասել է «Պլատֆորմա 26»-ի ներկայացուցիչ Բաչանա Շենգելիան։
Նրա խոսքով, նոր հարթակը կփորձի մոբիլիզացնել ֆինանսական ռեսուրսներն ընտրություններից առաջ մնացած ժամանակահատվածում՝ ապահովելու համար էմիգրանտների տեղաշարժը քաղաքից քաղաք և նրանց ժամանումն ընտրատեղամասեր։ Բոլոր ցանկացողները կարող են գումար փոխանցել, և դրա հետ կապված տեխնիկական մանրամասները կհայտարարվեն առաջիկա օրերին։
Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարությունը հրաժարվեց արտերկրում լրացուցիչ ընտրատեղամասեր բացել, ինչը նյութատեխնիկական խնդիրներ էր ստեղծել էմիգրանտների մեծ մասի համար։