Վրաստանյան «Մարդու իրավունքների համար գործընկերություն» (PHR) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտեում շահել է Նինոծմինդայի մանկական գիշերօթիկ դպրոցի հայցը:
ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների հանձնաժողովը որոշել է, որ Նինոծմինդայի մանկական գիշերօթիկ դպրոցում խախտվել են երեխաների այնպիսի հիմնարար իրավունքները, ինչպիսիք են՝ երեխայի լավագույն շահերը պաշտպանելու իրավունքը, երեխային չարաշահումներից պաշտպանելու իրավունքը, լսելու իրավունքը, հատուկ կարողություն ունեցող երեխաների իրավունքները և պետական խնամքի տակ գտնվող երեխաների իրավունքները:
Որոշման մեջ ասվում է, որ պետությունը չի պաշտպանել երեխաներին բռնության ծանր ձևերից և ժամանակին ու համարժեք միջոցներ չի ձեռնարկել հանցագործության մեջ ներգրավված անձանց պատասխանատվության ենթարկելու համար։ ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեի կարծիքով` պետությունը չի ապահովել գործի արդյունավետ հետաքննությունը։.
«ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտեն պետությանը 180 օր ժամանակ է տվել որոշումն իրագործելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկատվություն ներկայացնելու համար։ PHR-ի իրավաբանները շարունակում են դատարանում պաշտպանել տուժած երեխաների իրավունքները»,- հայտնել է PHR-ն:
Հիշեցնենք, որ 2021 թվականի ապրիլի 15-ին Հանրային պաշտպանին թույլ չեն տվել մտնել Նինոծմինդայի մանկական գիշերօթիկ դպրոց և վերահսկել երեխաների իրավական կարգավիճակը, ինչն օրենքով թույլատրված է: Չնայած 2015 և 2018 թվականներին Հանրային պաշտպանի զեկույցում արտացոլված էին երեխաների նկատմամբ բռնության ամենադաժան ձևերը, Վրաստանի կառավարությունը չի ապահովել նրանց մուտքը երեխաների հաստատություն: 2020 թվականի հունիսի 20-ի դրությամբ Պետական խնամքի գործակալության ոչ մի սոցիալական աշխատող չի կարողացել մտնել գիշերօթիկ դպրոց:
Նշենք, որ PHR-ն դիմել էր նաև Թբիլիսիի քաղաքային դատարան՝ ժամանակավոր միջոց նշանակելու խնդրանքով, սակայն դատարանը երեխաների իրավունքների ոտնահարում և դիտանցման անհրաժեշտություն չէր արձանագրել: