Հոկտեմբերի 12-ից փոխվում է Վրաստանի Արևելք-Արևմուտք ավտոճանապարհի Ռիկոթիի լեռնանցքում սահմանված երթևեկության հատուկ ռեժիմը, հայտնում են Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից:
Հաղորդագրության համաձայն, հատուկ ռեժիմը չեղյալ է հայտարարված թեթև և մարդատար մեքենաների համար, հետևաբար` նրանք կկարողանան շարժվել Ռիկոթիի լեռնանցքով օրվա կամ գիշերվա ցանկացած ժամի։
Նույն հաղորրդագրության մեջ նշվում է՝ կցորդներով և կիսակցորդներով մեքենաների շարժման հատուկ ռեժիմը մնում է ուժի մեջ, սակայն ավելանում է 4 ժամով։ Ըստ այդմ, կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը Ռիկոթիով թույլատրվում է ժամը 21:00-ից մինչև 07:00-ն:
Գործակալությունից հայտնում են, որ երթևեկության ինտենսիվությունը Ռիկոթիի լեռնանցքում զգալիորեն նվազել է, նշված ճանապարհի 149 կիլոմետր հատվածում ավարտվել է թեքության կայունացման նախագծային աշխատանքը, և սկսվել են նախապատրաստական շինարարական աշխատանքները։
«Ռիկոթիի լեռնանցքի հատվածում կշարունակվի շուրջօրյա դիտարկումը»,- նշել են դեպարտամենտից:
Ի դեպ, Ռիկոթիի մայրուղու վրա հատուկ ռեժիմ է գործում այս տարվա ապրիլից: