Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որը երկրի գլխավոր դատախազի ընտրության նոր ընթացակարգ է սահմանում։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնած փոփոխություններին միաձայն կողմ են քվեարկել նիստին ներկա 126 պատգամավորներ։ Օրինագծին աջակցել է նաև ընդդիմության մի մասը՝ «Միացյալ ազգային շարժում» խմբակցությունը, ինչպես նաև «Լելո», «Գիրչի» և «Ռազմավարություն Աղմաշենեբելի» կուսակցությունները:
Օրինագծի համաձայն՝ խորհրդարանը գլխավոր դատախազին կընտրի ձայների 3/5-ով, այսինքն՝ նշանակման համար կպահանջվի 90 պատգամավորի աջակցություն։
Դատախազի թեկնածուն, եթե երկու անգամ նման աջակցություն չստանա, ապա գլխավոր դատախազը կընտրվի պարզ մեծամասնությամբ (76 ձայն), բայց այս դեպքում ոչ թե հինգ, այլ մեկ տարի ժամկետով։
Գլխավոր դատախազի ընտրության կարգի մասին փոփոխությունը Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու պայմաններից է։