Փոխնակ մայրությունը կթույլատրվի միայն Վրաստանի քաղաքացիներին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր՝ հունիսի 12-ին, կառավարության նիստում հայտարարել է, որ առաջիկայում կկարգավորվի փոխնակ մայրության հարցը։

Վարչապետը նշել է՝ փոխնակ մայրությունը կթույլատրվի միայն Վրաստանի քաղաքացիներին։

«Նոր օրինագծով մենք ցանկանում ենք, որ փոխնակ մայրությունը թույլատրվի միայն Վրաստանի քաղաքացիներին։ Օտարերկրյա քաղաքացին այլևս չի կարողանա օգտվել այս հնարավորությունից… Կարծում եմ՝ խիստ մտահոգիչ է այս հարցը չկարգավորված թողնելը»,- ասել է Ղարիբաշվիլին։

Վարչապետը փոխնակ մայրության հետ կապված հոմոֆոբ հայտարարությամբ է հանդես եկել և նշել, որ միասեռ զույգերին նույնպես ձեռնտու է փոխնակ մայրությունը, ինչը պետք է կանխել։

Ի դեպ, փոխնակ մայրությունը երեխա ունենալու մեթոդ է, որը ներառում է լաբորատորիայում սաղմի ստեղծում՝ օգտագործելով կնոջ ձվաբջիջը և տղամարդու սերմնահեղուկը։ Նշված եղանակով ստեղծված սաղմը տեղափոխվում է փոխնակ կնոջ արգանդ, որտեղ սաղմը զարգանում է այնպես, որ փոխնակ մոր հետ գենետիկ կապ չունենա։