Թբիլիսիի և Բաքվի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, որը նախատեսում է երկու երկրների համագործակցությունը՝ կենսաբազմազանության, կլիմայի փոփոխության, անտառների կառավարման և թափոնների կառավարման հարցերում։
Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության փոխանցմամբ՝ հուշագիրը Բաքվում ստորագրել են Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլին և Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևը:
«Երկրների միջև մտադրությունների արձանագրությունները ստորագրվել են Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի տասներորդ նիստի շրջանակներում, որը տեղի է ունեցել Բաքվում՝ Վրաստանի և Ադրբեջանի Հանրապետության վարչապետների գլխավորությամբ», — նշված է հաղորդագրության մեջ:
Սոնղուլաշվիլին Բաքվում է «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ միասին: Բաքվում է նաև «Վրացական երազանք»-ի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին: