Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավար Կառլո Կացիտաձեի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի Հանրապետությունում է: Տեղեկությունը տարածում է Վրաստանի հատուկ քննչական ծառայությունը:
Հանդիպման արդյունքում ՀՀ հատուկ քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը և Կառլո Կացիտաձեն ստորագրել են ՀՀ քննչական կոմիտեի և Վրաստանի հատուկ քննչական ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր։ Դրանով նախատեսվում է համագործակցության ծավալում նախաքննության ոլորտում լավագույն պրակտիկայի և մեթոդների փոխանակման, երկու գերատեսչությունների կարողությունների ամրապնդման համար վերապատրաստման դասընթացների անցկացման, տեղեկատվության փոխանակման, համատեղ խորհրդակցությունների անցկացման, միջազգային թեմատիկ համաժողովներին մասնակցության ուղղություններով:
ՀՀ քննչական կոմիտեում մարտի 5-ին կայացել է քննչական երկու մարմինների ղեկավարների հանդիպումը: Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել վրաց գործընկերոջը՝ հրավերն ընդունելու համար և վստահություն հայտնել, որ պատասխան այցը նոր հարթություն կտեղափոխի Հայաստանի քննչական կոմիտեի և Վրաստանի հատուկ քննչական ծառայության համագործակցությունը՝ համահունչ երկու բարեկամ երկրների միջև ավանդաբար ջերմ հարաբերություններին, ինչպես նաև կխթանի երկկողմ և բազմակողմ միջազգային-իրավական փոխգործակցությունը։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը միտված է ժամանակի պահանջներին համարժեք, անդրազգային հանցավորությանը քրեաիրավական գործիքակազմով հակազդելու կառույցների ներուժի զարգացմանը
«Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավար Կառլո Կացիտաձեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, վստահություն հայտնել, որ հայ և վրաց ժողովուրդների միջև դարավոր եղբայրության պատմությունը, երկու երկրների միջև զարգացող բազմավեկտոր սերտ կապերը վստահության նախադրյալներ են ապահովում քննչական մարմինների հարաբերությունները ևս որակապես նոր մակարդակ տեղափոխելու համար։ Նա ընդգծել է նախաքննության որակի բարելավմանը, փորձի փոխանակմանն ուղղված համատեղ նախագծեր իրականացնելու կարևորությունը՝ ի շահ երկու երկրներում իրավակարգի ամրապնդման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության»,- նշված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Քյարամյանի ուղեկցությամբ Կացիտաձեն շրջել է ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական վարչական շենքում, նրան ներկայացվել են Կոմիտեի ընթացիկ գործունեության ապահովման և նախաքննության իրականացման նյութատեխնիկական ռեսուրսները։
Ի նշան բարեկամության և երկկողմ հարաբերությունների սերտացման՝ Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը ՀՀ քննչական կոմիտեի բակում եղևնի է տնկել։ Վրացական պատվիրակության այցը շարունակվում է, որի շրջանակներում նախատեսված են նաև այլ միջոցառումներ։