Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) Արտակարգ իրավիճակների կառավարման (ԱԻԿ) ծառայության տվյալներով՝ փոխարինման նպատակով Թուրքիայի Ադիաման քաղաք է մեկնել 85 հրշեջ-փրկարար։
ԱԻԿ ծառայության փոխանցմամբ՝ վրացի հրշեջ-փրկարարների նոր խումբը կփոխարինի այն հրշեջ-փրկարարներին, որոնք մինչ այժմ իրականացնում էին երկրաշարժի հետևանքների վերացման և փրկարարական միջոցառումներ։
Ըստ ԱԻԿ-ի՝ վրացական փրկարարների խումբը Ադիաման քաղաքի երկու հատվածում փրկարարական գործողություն է իրականացնում. դաշտային շտաբն աշխատում է Ադիաման քաղաքի օպերատիվ կառավարման կենտրոնի հետ համակարգված։
«Փրկարարական ջոկատը համալրված է ժամանակակից սարքերով, անօդաչու սարքերով, կապի մեքենայով և բոլոր տեսակի համապատասխան հատուկ փրկարարական սարքավորումներով»,- նշված է ԱԻԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք. փետրվարի 6-ի գիշերը Թուրքիայի և Սիրիայի սահմանի մոտ տեղի է ունեցել 7,8 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել Թուրքիայում և Սիրիայում, իսկ հարյուր հազարավոր մարդիկ մնացել են անօթևան և չունեն սնունդ, ջուր և այլ ռեսուրսներ: Թուրքիայում բնական աղետի հետևանքով զոհվածների թվում են Վրաստանի հինգ քաղաքացիներ։