Այսօր Վրաստանի սևծովյան ափին փոթորկի ժամանակ երկու մարդ է փրկվել: Այս մասին հայտնում են Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից:
Առաջին դեպքը տեղի է ունեցել ծովափնյա Ուռեկի գյուղում: Օգնություն է անհրաժեշտ եղել դեռահասի համար, որը լողում էր ափից մոտ 15 մետր հեռավորության վրա և չէր կարող ինքնուրույն դուրս գալ ջրից: Ըստ հայտարարության` փրկարարները ժամանակին արձագանքել են:
Երկրորդ դեպքը տեղի է ունեցել Քոբուլեթիում: Ծով մտած տղամարդու անհետացման մասին 112 ծառայությանը հայտնել են նրա ծանոթները: Փրկարարները տղամարդուն գտել են ափից մոտ 500 մ հեռավորության վրա, նա անվնաս դուրս է բերվել ջրից, կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: Ծառայության տվյալներով` առաջիկայում Վրաստանի Սեւ ծովի ափին փոթորիկը կուժեղանա: Լողափերում մոբիլիզացվել են փրկարարների լրացուցիչ թիմեր:
Արտակարգ իրավիճակների վարչությունը հանգստացողներին կոչ է անում ենթարկվել իրենց պահանջներին, փոթորկի ժամանակ պահպանել անվտանգության ստանդարտները և երեխաներին առանց հսկողության չթողնել առափնյա գծում:
Ծովում հնարավոր կլինի լողալ այն բանից հետո, երբ փրկարարները կարմիր դրոշները փոխարինեն սպիտակներով: Սա նշանակում է, որ փոթորիկը հանդարտվել է և վտանգ չկա: