Փորձագիտական դաշտը՝ ԵՄ թեկնածություն չստանալու վերաբերյալ

Այսօր պարզ դարձավ, որ Եվրահանձնաժողովն այս փուլում չի աջակցում Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալուն։

Վրացական քաղաքական դաշտի ներկայացուցիչները գրառումներ են կատարում իրենց սոցիալական ցանցերում՝ փորձելով գնահատել որոշումը։ Ոմանք պատճառը փնտրում են իշխանության քաղաքականության, ոմանք ընդդիմության, ոմանք էլ ԵՄ-ի դաշտում։

«Մեզ ասել են՝ ինքներդ պետք է որոշեք օլիգարխիան եք ընտրում, թե՞ Եվրամիությունը։ Եթե երկրորդն եք ընտրում՝ մեր դռները բաց են»,- այսպես է արձագանքում քաղաքագետ Զուրա Բատիաշվիլին։

Ռազմավարական վերլուծական կենտրոնի փորձագետ Գելա Վասաձեի կարծիքով Վրաստանին թեկնածուի կարգավիճակ չեն տվել, որովհետև չի կարելի «կեղծել ընտրությունները, փակել ընդդիմադիր լրատվամիջոցները, բանտարկել քաղաքական հակառակորդներին, չկատարել ԵՄ-ի կողմից առաջարկված պայմանավորվածությունները, ձևացնել, թե գնում ենք Եվրոպա»։

Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) նախագահ Գիորգի Մելաշվիլին էլ գրել է, որ թեկնածուի կարգավիճակ չստանալու միակ պատճառը «իշխող կուսակցության սխալներն են, հանցագործություններն ու ստերը»։

Ըստ նրա՝ ԵՄ-ն խնդրել է այնպիսի բան, որը նորմալ պետությունն արդեն պետք է ունենա. այս պահանջներն առաջին հերթին հարմարեցված են մեր սեփական բարեկեցությանը և զարգացմանը:

Վրաստանի անվտանգության քաղաքականության ինստիտուտի հիմնադիր Դավիթ Բրագվաձեն նկատում է, որ երբեք պատրանք չենք ունեցել, որ այս գործընթացը հեշտ է լինելու։

«Եվրոպացի ընկերները մեզ հասկացրել են, որ ամեն ինչ կախված է մեզանից։
Մենք նորմալ քաղաքական միջավայր ենք ունենալու, լինելու ենք Եվրոպայի մաս»,- գրել է Բրագվաձեն։

Ըստ նրա, եթե Վրաստանն ունենա անկախ դատական ​​համակարգ, ապա կճանաչեն որպես այս մեծ ընտանիքի անդամ։

Բրագվաձեն ևս կարևորել է առողջ քաղաքական միջավայրը, անկախ դատական ​​համակարգը, ազատ լրատվամիջոցները և այլն։

Նրա կարծիքով՝ այս ձախողումը կարող է լինել վրացական դիվանագիտության ամենամեծ ձախողումն այս սերնդի հիշողության մեջ։ Մյուս կողմից՝ հնարավորություն կա մտածելու սեփական իրավիճակի մասին և ճիշտ հետևություններ անելու՝ ավելի լավ ապագա ստեղծելու համար։

Իշխանական որոշ փորձագետներ էլ որոշման մեջ մեղադրում են ընդդիմությանը, որ վերջինս արևմտյան գործընկերների մոտ քարոզարշավ է տանում, թե երկրի իշխանությունները ռուսամետ են, չեն պաշտպանում Ուկրաինային և այլն։

Իշխանական փորձագետ Թամթա Մեգրելիշվիլին զուգահեռներ է տարել Ուկրաինայում ընթացող և 2008 -ի ռուս-վրացական պատերազմների միջև՝ նշելով, որ Վրաստանն էլ էր նույն վիճակում հայտնվել։

«Այսպիսով, 2008 թվականի օգոստոսյան պատերազմի արդյունքում Վրաստանը կորցրեց վերահսկողությունը 189 գյուղերի վրա, որոնցից 125-ը մինչև մեկ օր մնում են ռուսական օկուպացիայի տակ»,- գրել է Մեգրելիշվիլին՝ հավելելով, որ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո Վրաստանը խուսափել է երկրորդ ճակատ բացվելուց:

ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ստանալու պայմանները