Բրիտանական BBC-ն Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին «Ազատ արձակել կամ հետաձգել. Սաակաշվիլիի փաստաբանները դիմել են դատարան» վերնագրով հոդված է հրապարակել։
Հոդվածում տեղ են գտել Սաակաշվիլի շուրջ վերջին զարգացումները։
«Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեն Թբիլիսիի քաղաքային դատարանին միջնորդել է ազատ արձակել նախկին նախագահին։ Ըստ պաշտպանական կողմի՝ նման պահանջի հիմքում ընկած են Սաակաշվիլիի լուրջ ախտորոշումները, որոնք նշվել են վրացական և արտասահմանյան փորձագետների հետազոտություններում»,- գրել է BBC-ն։
Ըստ BBC-ի՝ Սաակաշվիլին, ով ստանալով Ուկրաինայի քաղաքացիություն՝ զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից, ներկայում գտնվում է Թբիլիսիի «Վիվամեդ» կլինիկայում:
Հոդվածում նշվում է, որ Սաակաշվիլիին տրված հիմնական ախտորոշումները չեն հրապարակվում վերջինիս խնդրանքով, թեև փորձաքննությունն իրականացրած «Էմպաթիա կենտրոն» հասարակական կազմակերպությունը հինգշաբթի հրապարակել է փորձագիտական հանձնաժողովի զեկույցը։ Հանձնաժողովում ընդգրկված էին 10 վրացի և 6 միջազգային փորձագետներ։ Այս եզրակացությունների համաձայն՝ Սաակաշվիլին մինչ ձերբակալությունը առողջ է եղել։ Այժմ նա ունի ավելի քան 20 ախտորոշում կամ ախտանշանային բարդույթ։
«Փորձագետների զեկույցը պարունակում է տեղեկատվություն Սաակաշվիլիի նկատմամբ նվաստացուցիչ և անմարդկային վերաբերմունքի մասին:
Նրա մոտ զարգացել է նաև հետտրավմատիկ սթրեսային խանգարման ծանր ձև: Փորձագետները կարծում են, որ Սաակաշվիլիին պետք է տեղափոխել եվրոպական կամ ամերիկյան բազմաբնույթ կլինիկա»,- հայտնում է հրատարակությունը։
Հոդվածում նշվում է, որ Սահակաշվիլիի վիճակը պարբերաբար դառնում է քաղաքական բանավեճի թեմա։ Հոդվածում նշվում է նաև, որ Սաակաշվիլիի մայրը՝ Ջուլի Ալասանիան, կոչ է արել զերծ մնալ քաղաքական շահարկումներից։
Սաակաշվիլիի առողջական վիճակի ու հետաձգված դատական նիստի արձագանքները