Փոփոխություններ «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում

Այսօր՝ հուլիսի 12-ին տեղի ունեցած Բյուրոյի նիստում խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին խոսել է «Կուտակային կենսաթոշակի մասին» նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վարչակազմից ստացված նամակի մասին։ Նա նշել է, որ Զուրաբիշվիլին չի ստորագրել երեք ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը, թեև այն խորհրդարան չի վերադարձրել մոտիվացված դիտողություններով, ինչը նշանակում է, որ նախագահը վետո չի դրել փոփոխության վրա։

Պապուաշվիլին ասել է, որ Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ այսօր ստորագրելու է փաստաթուղթը, որը կհրապարակվի «Օրենսդրական տեղեկագրում» և ուժի մեջ կմտնի։

Ընդդիմությունը քննադատել է փոփոխությունը, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին էլ ավելի հեռուն է գնացել և «Կուտակային կենսաթոշակի մասին» նոր օրենքը անվանել է վնասակար և  «գործակալների» և «օֆշորային» օրենքների հետ միասին, անվանել է «ռուսական օրենք»։

Վրաստանի բնակչությունն արդեն հինգերորդ տարին է, ինչ պարտադիր կարգով կենսաթոշակներ է հավաքում: Այս փուլում կենսաթոշակային սխեմայում ընդգրկված է ավելի քան 1,5 մլն մարդ, նրանց ակտիվների ընդհանուր արժեքը գերազանցում է 5 մլրդ լարին։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությամբ և խորհրդարանի որոշմամբ փոփոխություններ են կատարվել «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում։

Ըստ փոփոխության՝ կենսաթոշակային ֆոնդի վրա Ազգային բանկի (ԱԲ) իրավունքները կավելանան։ Էական խախտում հայտնաբերելու դեպքում ԱԲ-ը կարող է պաշտոնանկ անել հիմնադրամի տնօրինության անդամներին՝ գլխավոր տնօրենին, գլխավոր ներդրումային տնօրենին, գլխավոր ռիսկերի պատասխանատուին և ներքին աուդիտի ղեկավարին:

Թերևս, գլխավոր փոփոխություններից է այն նաև, որ կենսաթոշակային խնայողությունների սեփականատերերն այլևս իրավունք չեն ունենա իրենց գումարների կառավարումը վստահել մասնավոր ընկերությանը։

Հիշեցենք. Վրաստանում գործող կուտակային կենսաթոշակային համակարգը հիմնված է 2 տոկոս+2 տոկոս+2 տոկոս սկզբունքի վրա։ Գործատուն աշխատողի կենսաթոշակային հաշվին մուտքագրում է աշխատողի աշխատավարձի չհարկվող գումարի 2 տոկոսը: Նույնքան գումար է ներդրում անում հենց աշխատողը, իսկ 2 տոկոսը վճարում է պետությունը։

Վրաստանում տղամարդիկ կենսաթոշակ են ստանում 65 տարեկանից, իսկ կանայք՝ 60 տարեկանից: