Վրաստանում վարչապետի փոփոխությունը չի ազդի երկրի արտաքին և ներքին քաղաքականության վրա. իշխանությունները կշարունակեն ձևացնել, թե արևմտամետ կուրս են վարում, կարծում են վրացի վերլուծաբանները:
Ըստ նրանց, ով էլ լինի իշխանության ղեկին, միևնույնն է՝ կատարելու է Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հրահանգները:
Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց՝ Իվանիշվիլին վերադարձավ, զբաղեցրեց կուսակցության պատվավոր նախագահի պաշտոնը՝ կոնկրետ փոփոխություններ անելու նպատակով․ տեսնում ենք արդեն, որ գործընթացը սկսված է:
Ըստ նրա՝ քանի որ իշխանության ղեկին արդեն նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խումբն է, հետևաբար՝ պետք է ակնկալել, որ նորանշանակ վարչապետը, որը, ըստ տարածված տեղեկությունների, կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն է, նոր խումբ կձևավորի: Նրա խոսքով, «Կոբախիձեն իր մարդկանց կնշանակի պաշտոններում»:
«Իմ կարծիքով, Իվանիշվիլին երիտասարդ կադրերի է բերել. ինչպես երևում է՝ խմբի ներսում երիտասարդական թև է ձևավորվել, որոնք ավելի մոտիվացված են: Կարծում եմ՝ Իվանիշվիլին այս երիտասարդների վրա է դրել իր քաղաքականությունը»,- ասաց կոնֆլիկտաբանը:
Զաքարեիշվիլիի կարծիքով, առաջիկա խորհրդարանական ընտրություններում, եթե իշխանություննը վերընտրվի, միևնույնն է՝ վարչապետի փոփոխություն չի լինի. վարչապետ կմնա նա, ով հիմա կնշանակվի: Ըստ նրա՝ հենց այդ հաշվարկով են առաջադրել Կոբախիձեի թեկնածությունը:
Կոնֆլիկտաբանն ընդգծեց՝ իշխանությունը կշարունակի իր «քողարկված քաղաքականությունը». կձևացնեն, թե «գնում ենք Եվրոպա, բայց ամեն ինչ կանեն, որ շատ քայլեր ձախողեն: Ցույց տան, թե չեն գնում դեպի Ռուսաստան, բայց գործնականորեն կքայլեն այդ ուղղությամբ»:
Քաղաքագետ Գիա Նոդիայի կարծիքով, կառավարությունում կադրային փոփոխությունները «տրամաբանական» են այն բանից հետո, երբ Իվանիշվիլին երրորդ անգամ վերադարձավ քաղաքականություն։ Նրա խոսքով, վերջերս Իվանիշվիլին ավելի շատ վստահում էր Կոբախիձեին:
Նոդիան չի ակնկալում, որ դիրքորոշումների փոխանակումն անպայման կհանգեցնի ներքին կամ արտաքին քաղաքական փոփոխությունների.
«Ներքին կամ արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ անհրաժեշտ չեն, դա որոշում է Բիձինա Իվանիշվիլին։ Այնուամենայնիվ, կարելի է ենթադրել, որ եթե հիպոթետիկորեն Իվանիշվիլին ցանկանա բարելավել Արևմուտքի հետ խզված հարաբերությունները, Կոբախիձեն ավելի լավ կկարողանա դա անել»:
Ինչ է կատարվում
Վրաստանի արդեն նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական տվեց: Այս մասին Ղարիբաշվիլին հայտարարեց հունվարի 29–ին ժամը 17:00-ին հրավիրած հատուկ ճեպազրույցի ընթացքում:
Ճեպազրույցում Ղարիբաշվիլին անդրադարձավ իր պաշտոնավարման տարիներին, խոսեց երկու անգամ այդ պաշտոնը զբաղեցնելու մասին, կուսակցության «հզորության մասին» և համոզմունք հայտնեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց կուսակցությունը «համոզիչ հաղթանակ կտանի», վերջում էլ շնորհակալություն հայտնեց «կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին, կուսակցության և խորհրդարանի ղեկավարությանը և անդամներին, նախարարությունների ղեկավարներին և յուրաքանչյուր աշխատակցին, կառավարության աշխատակազմի աշխատակիցներին, բոլոր պետական ծառայողներին մեծ աջակցության համար»:
Երկու անգամ վարչապետ
Ղարիբաշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է երկրորդ ժամկետով՝ 2021 թվականի փետրվարի 22-ից։ Իշխող կուսակցությունը նրան կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակեց այն բանից հետո, երբ այն ժամանակվա վարչապետ, այժմ ընդդիմադիր Գիորգի Գախարիան հայտարարեց իր հրաժարականի մասին։
Ղարիբաշվիլին քաղաքականություն է մտել 2012 թվականին «Վրացական երազանք»-ի միջոցով։ Նա մեկ տարի եղել է ներքին գործերի նախարարը, իսկ 2013 թվականին վարչապետի պաշտոնում փոխարինել է Բիձինա Իվանիշվիլիին։ Նա երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2015 թվականի վերջը. դեկտեմբերի 23-ին, ժամը 20:00-ին հայտարարեց իր հրաժարականի մասին։ Ղարիբաշվիլին վերադարձել է «Վրացական երազանքի» կառավարություն Գախարիայի վարչապետության օրոք։
Ղարիբաշվիլիի հնարավոր հրաժարականի մասին լուրերն ակտիվացան այն բանից հետո, երբ կուսակցության հիմնադիր, պատվավոր նախագահ, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին։ «Վրացական երազանք»-ի նորացված կանոնադրության համաձայն՝ պատվավոր նախագահը կարող է վարչապետի թեկնածու առաջադրել։ Այս պաշտոնը զբաղեցրել է Բիձինա Իվանիշվիլին, ով երրորդ անգամ է վերադարձել քաղաքականություն։
Կադրային փոփոխությունների մասին տեղեկությունը երեկ հայտնել էր ընդդիմադիր «Մթավարի արխի»-ի հիմնադիրներից Նիկա Գվարամիան։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, որ նաև «Վրացական երազանք»-ի անդամ է, պատասխանելով վարչապետի փոփոխության մասին հարցին, ասել էր, որ «նման շահարկումներ բազմիցս եղել են», և «չեմ կարող մեկնաբանել շահարկումները»։
Ի դեպ, Վրաստանի խորհրդարանի մեծամասնության խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն հաստատել է, որ վարչապետի պաշտոնում քննարկվում է Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը։
Ինչ են ասում ընդդիմադիրները
Ընդդիմադիր «Եվրոօպտիմիստներ» կուսակցության պատգամավոր Ռոման Գոցիրիձեն ասել է. «Բնական է, որ Իվանիշվիլին հապճեպ որոշում չի կայացրել, նա եկել է իր կանխամտածված ծրագրով՝ փոխել նախարարների կաբինետը և պաշտոնանկ անել Ղարիբաշվիլիին»:
Ըստ Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի հիմնադրած ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության գործադիր քարտուղար Բերդիա Սիճինավայի, սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ կուսակցությունում որոշումները կայացնում է Իվանիշվիլին՝ միանձնյա. «Եթե Բիձինա Իվանիշվիլին լսեր ինչ-որ մեկին և այնտեղից ռացիոնալ որոշումներ կայացներ, նա կարող էր այս աստիճանի չհասներ. նրա ռացիոնալիզմը կայանում է նրանում, որ նա ինքնուրույն է այդ որոշումները կայացնում»:
Ինչպես են նոր վարչապետ ընտրելու
Վրաստանի Սահմանադրության 56-րդ հոդվածի համաձայն, հրաժարականի դեպքում վարչապետի լիազորությունները դադարում են հրաժարականից անմիջապես հետո, կառավարության ղեկավարի պարտականությունները կատարում է փոխվարչապետը, իսկ նախարարները շարունակում են կատարել իրենց պարտականությունները՝ մինչև նոր վարչապետի նշանակումը։
Վարչապետի հրաժարականից հետո 2 շաբաթվա ընթացքում խորհրդարանը վստահություն է հայտնում իշխող կուսակցության կողմից առաջադրված վարչապետի թեկնածուի կողմից առաջադրված կառավարությանը։
Կառավարության կազմի հետ կառավարության ծրագիրը կներկայացվի խորհրդարանին։ Վստահության քվե ստանալու համար անհրաժեշտ է խորհրդարանի ամբողջական կազմի մեծամասնության՝ 76 պատգամավորի աջակցությունը։
Եթե խորհրդարանը նշված ժամկետում վստահություն չհայտնի կառավարությանը, Վրաստանի նախագահը կցրի խորհրդարանը համապատասխան ժամկետի ավարտից ոչ շուտ, քան 2, ոչ ուշ, քան 3 շաբաթ անց և կհրավիրի արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Կառավարությանը վստահություն հայտնելուց հետո 2 օրվա ընթացքում Վրաստանի նախագահը նշանակում է վարչապետին, իսկ վարչապետը՝ նախարարներին, իր նշանակումից հետո՝ 2 օրվա ընթացքում։
Եթե Վրաստանի նախագահը նշված ժամկետում չնշանակի վարչապետին, վարչապետը ինքնաբերաբար կհամարվի նշանակված։