Վրաստանի խորհրդարանը կողմ է քվեարկել 2021 թվականի բյուջեի փոփոխություններին: Ճշգրտված բյուջեի տարբերակը հիմնված է 7.7% տնտեսական աճի կանխատեսման վրա: Մինչ այժմ Վրաստանի կառավարության տնտեսական աճի կանխատեսումը 3.4% էր:
Համեմատաբար բարձր տնտեսական աճի սպասումներին համահունչ, կառավարությունը ակնկալում է նաև եկամուտների աճ, ինչով էլ պայմանավորված փոխվել են բյուջեի ծախսերի տվյալները:
Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Գիորգի Կակաուրիձեի խոսքով՝ բյուջեի ավելացման երեք հիմնական նպատակ կար.
- Բյուջեի դեֆիցիտի նվազում,
- Տնտեսության վերականգնման խթանում,
- COVID-19- ի և դրան կից առողջապահական միջոցառումների կառավարում:
Ինչ է փոխվում ըստ ճշգրտված բյուջեի
Խորհրդարանի կողմից հաստատված 2021 պետբյուջեի լրամշակված տարբերակում կան մի քանի կարևոր փոփոխություններ.
- Բյուջեի ընդհանուր եկամուտներն աճում են 1,17 միլիարդ լարիով մինչև 17,93 միլիարդ լարի:
- Բյուջեի հատկացումները, այսինքն` ծախսերի ծավալն աճում է 1,11 միլիարդ լարիով և կազմում է 19,5 միլիարդ լարի:
- Բյուջեի դեֆիցիտը 7.6% -ից իջեցվում է 6.9%:
- Պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը նվազում է մինչև 54.6%:
Նախարարություններ, որոնց բյուջեն ավելանում է
Նախագծի համաձայն՝ Վրաստանի առողջապահության և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված գումարը նախնական հաստատված բյուջեի համեմատ աճել է 600 միլիոն լարիով և հասել 6,09 միլիարդ լարիի:
COVID-19- ի կառավարման բյուջեն ավելացել է 446 միլիոն լարիով՝ 846 միլիոն լարի, ներառյալ ավելի քան 150 միլիոն լարի՝ COVID-19 պատվաստումների պլանի համաձայն, բնակչության 60%-ի համար պատվաստանյութեր գնելու համար:
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ֆինանսավորումը կավելանա 36 միլիոն լարիով և կկազմի 642.8 միլիոն լարի:
Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ֆինանսավորումը ավելացել է 90 միլիոն լարիով և կկազմի է 2.46 միլիարդ լարի:
Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության ֆինանսավորումը կավելանա 177 միլիոն լարիով և կկազմի 628,58 միլիոն լարի:
Բյուջեի ճշգրտումից հետո Պաշտպանության նախարարությունը կստանա լրացուցիչ 30 միլիոն լարի, իսկ նախարարության ընդհանուր ֆինանսավորումը կկազմի 930 միլիոն լարի:
Ինչպես հայտնի է, Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն արդեն բաժանվել է երկու գերատեսչության, չնայած դրա ֆինանսավորման մասին տեղեկատվությունը բյուջեում տրված է ամբողջական: Վերանայված փաստաթղթի համաձայն, ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորումը կավելանա 75 միլիոնով և կկազմի 1,87 միլիարդ լարի:
Ֆինանսավորումը կավելանա նաև Արդարադատության նախարարության համար, որը կստանա 60 միլիոն լարի ավելի: Նախարարության ընդհանուր բյուջեն կլինի 296,5 միլիոն լարի:
Կավելանա նաև Վրաստանի ԿԸՀ-ի ֆինանսավորումը: Փոփոխությունների համաձայն 93,7 մլն լարիով կավելանա Վրաստանի մունիցիպալիտետների ֆինանսավորումը:
Օրենսդիր մարմինը միաձայն է հաստատել ընթացիկ տարվա բյուջեի լրամշակված տարբերակը՝ 85 ձայնով:
Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։