Ախալքալաքի Փոքր Սամսար գյուղի ճանապարհների խնդիրը դեռևս մնում է չլուծված, թեև տեղացիները հույսները չեն կորցնում՝ մի օր դրանք կտեսնեն լավ վիճակում։
Մինչ գյուղի հիմնադրումը այս տարածքում անտառ է եղել, որը հետագայում հատվել է, իսկ կարտոֆիլի համար նախատեսված տարածքը մաքրվել։ Գյուղ տանող ճանապարհն անցնում է ձորով։ Դրա որոշակի հատվածն այժմ ասֆալտապատված է, բայց ճանապարհի մի բավականին մեծ մասը պարզապես անմխիթար վիճակում է։ Այս հատվածը ամեն տարի վերանորոգվում է, ավազով մշակվում, խնդիրը ժամանակավորապես լուծվում է, սակայն եղանակների վատթարացման հետ՝ քամու կամ անձրևի ժամանակ, ճանապարհը նորից սկսում է քանդվել։ Տեղացիներն ասում են, որ անարդյունավետ «վերանորոգված ճանապարհահատվածի» աշխատանքների փոխարեն քաղաքապետարանը կարող էր նույն գնով ասֆալտապատել ճանապարհը։
«Ալիք-մեդիան» խնդրի վերաբերյալ փորձեց նոր մանրամասներ իմանալ։ «Արդեն հոգնել ենք, ամեն ընտրությունից առաջ խոստանում են ճանապարհի հարցը լուծել, բայց դեռ նորմալ ճանապարհ չունենք, ինչի պատճառով շատ խնդիրներ են առաջանում», — մեզ հետ զրույցում ասաց Փոքր Սամսարի բնակիչ Եղիշ Ավագյանը։
Խնդիրը հայտնի է նաև քաղաքապետարանի ղեկավարությանը։ Օրինակ՝ 2022 թվականի հուլիսի դրությամբ տեղական լրատվամիջոցների հետ զրույցում գյուղի ներկայացուցիչը հայտարարել է՝ մեկուկես ամիս առաջ վերանորոգված ճանապարհը նորից այնքան վատ վիճակում է հայտնվել , որ ցանկացած վարորդի համար այն այլևս դժվարանցանելի է։ Նույն հոդվածում կտեսնենք Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանի մեկնաբանությունը, որում նա պնդում է, որ անհրաժեշտության դեպքում աշխատանքները կրկին կիրականացվեն, սակայն դրա համար գյուղի բնակիչները պետք է դիմեն գյուղապետին՝ լրացուցիչ հայտարարությամբ։
Առաջին հերթին մենք կապ հաստատեցինք Մխիթար Ռստակյանի հետ։ Ցանկանում էինք տեղեկանալ, թե վերջին տարիներին որքան գումար է ծախսվել ճանապարհահատվածի վրա, բայց պատասխան չստացանք։ Ռստակյանի խոսքով, ինքը ոչինչ չգիտի այդ մասին և պատասխանատվություն չի կրում դրա համար։
Քանի որ հարցերի պատասխանը չկարողացանք ստանալ մեկնաբանությունների տեսքով, պահանջեցինք հրապարակային տեղեկատվություն։ Հետաքրքրվեցինք՝ նախատեսվում է արդյոք ասֆալտապատել ճանապարհը, որքա՞ն գումար է արդեն ծախսվել և խնդրին վերաբերող այլ մանրամասներ։ Չնայած հանրային տեղեկատվությանն արձագանքելու պարտավորությանը, ոչ միայն պատասխան չենք ստացել, այլ նաև արդեն 1 ամսից ավել է, ինչ նամակն անգամ չի գրանցվել։
2023թվականի մայիսին գյուղի աջակցության ծրագրի շրջանակներում հայտարարվել է մրցույթ, որտեղ դիտարկվել է նաև Փոքր Սամսարի ճանապարհների վերականգնումը։ Մասնավորապես, մրցույթում ընդգրկված 4 ուղղություններից մեկը (NAT230013811) եղել է Փոքր Սամսար գյուղի ճանապարհների վերականգնումը։ Այդ աշխատանքների համար քաղաքապետարանը հատկացրել է 10 հազար լարի, սակայն արդեն պայմանագրի փուլում մրցույթում հաղթած «Արոմ» ՇՊՍ ընկերությունն առաջարկել է քաղաքապետարանին կատարել այն 8 հազար 799 լարիով։ Պետական գնումների գործակալության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ ճանապարհի վերականգնումը ճանապարհի հարթեցում (խրեշով պատել) է ենթադրում։ Հանձնման ակտը քաղաքապետարանի և ընկերության միջև ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 27-ին։ Պայմանագրի համաձայն, աշխատանքների երաշխիքային ժամկետն ընդունման ակտից սկսած 2 տարի է կազմում։ Սրան հակառակ, լուսանկարում երևում է Փոքր Սամսար գյուղի մուտքի ճանապարհահատվածի վիճակը։
«Ալիք Մեդիա»-ն ուսումնասիրել է Փոքր Սամսարի ճանապարհի վերանորոգման միայն մեկ գնում, և եթե դրանով խնդիրը չլուծվի, և անընդհատ կրկնվի վերանորոգման անհրաժեշտություն, բնականաբար, կմեծանա նաև Փոքր Սամսարի ճանապարհի վրա ծախսվող գումարը։ Եվ եթե այս խորդուբորդ ճանապարհը անձրևի հետևանքն է, ապա ստացվում է, որ ճանապարհի վրա ծախսված գումարը, բառիս բուն իմաստով ջուրն են գցում։