Թբիլիսիի պետական համալսարանի ամենամյա ավարտական արարողությունն ավանդույթի համաձայն ուղեկցվել է «տարվա ուսանողների» ներկայացմամբ: Ծնունդով Ախալքալաքից Անդրանիկ Մինասյանը ԹՊՀ Իրավաբանական ֆակուլտետի տարվա լավագույն մագիստրոսի կոչում է ստացել: Անդրանիկը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է շնորհակալական գրառումն ու նշել դասախոս Զոյա Մխիթարյանին, որն օգնել է ուսումնասիրել վրաց լեզվի բարդ քերականությունը՝ «1+4» ծրագրի նախապատրաստական կուրսի ընթացքում․ չէ՞ որ իր հաջողության պատմությունը հենց այս շրջանից է սկսվում:
Ալիք մեդիան զրուցել է Անդրանիկի հետ իր հաջողությունների մասին։ Սա, ի դեպ, Ալիք Մեդիայի արդեն երկրորդ անդրադարձն է Անդրանիկի նվաճումներին: Առաջին ռեպորտաժը ««1+4». հաջողության պատմություններ» շարքի շրջանակներում է նկարահանվել: Այն ժամանակ Անդրանիկն իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատի ուսանող էր, ողջ համալսարանում եզակի մարդկանցից էր, ում ակադեմիական սանդղակը՝ GPA-ը հնարավոր առավելագույնը՝ 4 էր կազմում, իսկ 2016 թվականին հայտարարվել էր ԹՊՀ-ի Իրավաբանական ֆակուլտետի լավագույն ուսանող:
Բակալավրիատից հետո շատ բան է փոխվել, անփոփոխ է մնացել ԹՊՀ-ի հանդեպ սերն ու այստեղ՝ իրավաբանական ֆակուլտետում դասախոսություններ կարդալու ցանկությունը.
«Ընդունելության քննություններին զուգահեռ հարյուրավոր ուսանողների հետ միասին մասնակցեցի Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (GYLA) Թբիլիսիի գրասենյակի կողմից հայտարարված ամենամյա ստաժավորման մրցույթին և, ստանալով ամենաբարձր բալերը, ընդունվեցի՝ որպես փաստաբանի օգնական: Զուգահեռ որպես փաստաբանի օգնական ստաժավորում էի անցնում ք. Թբիլիսիի քաղաքապետարանի «Իմ փաստաբանը — իրավաբանական կլինիկայում»: 2017 թվականի դեկտեմբերին հանձնեցի փաստաբանների որակավորման քննությունները՝ ստանալով 92 բալ, ինչին հաջորդեց ՎԵԻԱ-ի (GYLA) առաջարկը՝ մինչ ստաժավորման ավարտն անցնել գործի, արդեն որպես խորհրդատու, իսկ հետո՝ իրավաբան-խորհրդատու»,- ասում է Մինասյանը:
Անդրանիկն այսօր երկրի առաջատար՝ Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (GYLA) Թբիլիսիի գրասենյակում որպես փաստաբան է աշխատում և ունի երեխաների իրավունքների նեղ մասնագիտացում, նաև Վրաստանի փաստաբանների ասոցիացիայի (GBA) անդամ է:
«Զգացողություններս անբացատրելի են, երբ հետադարձ հայացք եմ գցում ու գիտակցում իմ անցած ուղին։ Երբ 2012 թվականին դպրոցն ավարտելուն պես մտա մեծ կյանք, իմ փոքր քաղաքից, ուրիշ հարյուրավոր ուսանողների պես, եկա մայրաքաղաք, չիմանալով պետական լեզուն և չունենալով այստեղ ոչ մի բարեկամ, այն ժամանակ գրեթե անհնարին էր թվում վրացերենով կրթություն ստանալը, ուր մնաց վրացալեզու ուսանողների և իրավաբանների հետ մրցակցությունը: Բայց չնայած ամեն ինչին, այսօր արդեն տարբեր ազգության հազարավոր մարդկանց եմ օգնել լուծել իրենց խնդիրները և վայելել նրանց կողմից հայտնած երախտագիտությունը: Այս ամենը անհնար կլիներ առանց իմ ծնողների դաստիարակության և անգնահատելի աջակցության, ինչի համար խոնարհվում եմ նրանց առաջ»,- մեզ հետ զրույցում ասում է Անդրանիկը: