Վերջին մի քանի ամիսներին Վրաստանում շատացել են թափառական կամ տնային շների՝ մարդկանց վրա հարձակվելու և կծելու դեպքերը:
Միայն անցած շաբաթ տնային շունը կծել է 2 տարեկան երեխային։ Սեպտեմբերի 23-ին պիտբուլը կծել է երեք մարդու, նույն ցեղատեսակի շունը հոկտեմբերի 17-ին Ռուսթավիում կծել է 4 մարդու, իսկ Խելվաչաուրիում վիրավորվել է 5-ամյա երեխա։
Նշենք, որ նման փաստեր լինում են ինչպես թափառական, այնպես էլ տնային շներից: Դեպքերը լինում են տանը, փողոցում, հրապարակում զբոսնելիս և այլն։
Փաստերի հաճախականությունից ելնելով Վրաստանի խորհրդարանում կանոնակարգը խստացնելու մասին սկսել են խոսել դեռ նախորդ ամիս։ Դրանց թվում քննարկվում է Վրաստանում կոնկրետ ցեղատեսակի շների բուծումն արգելելու, 16 տարեկանից ցածր անձին ագրեսիվ ցեղատեսակի շների զբոսանքի իրավունքը սահմանափակելու մասին: Նաև օրինագծի շրջանակներում կստեղծվի ագրեսիվ ցեղատեսակի շների ցուցակ, և եթե խորհրդարանն ընդունի օրինագիծը, կարգելվի ագրեսիվ ցեղատեսակի շների ներմուծումը երկիր։
Գործող օրենսդրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 103-րդ հոդվածի համաձայն՝ տուգանք է նախատեսված շուն և կատու ունենալու կանոնները խախտելու համար։ Բացի այդ, օրենսգրքով քաղաքի վարչական սահմաններում գտնվող պուրակում կամ հրապարակում առանց վզկապի շուն տեղափոխելը կհանգեցնի սեփականատիրոջը նախազգուշացման կամ տուգանքի՝ 20 լարիի չափով. կրկնվող գործողության համար սեփականատերը կտուգանվի 50 լարիով։