Փլվող օլիգարխիկ բուրգը փրկելու փորձ է. Ազգային բանկի շուրջ ստեղծված իրավիճակը

Վրաց քաղաքագետներն ու տնտեսագետները համակարծիք են՝ Ազգային բանկի (ԱԲ) կողմից՝ Վրաստանի նախկին գլխավոր դատախազ, այժմ օլիգարխ, գործարար Օթար Փարցխալաձեի նկատմամբ սահմանած «բացառությունը» կազդի երկրի տնտեսության և քաղաքականության վրա:

Փորձագետներն ասում են՝ իշխող «Վրացական երազանք» կուսակացությունը փորձում է փրկել փլվող օլիգարխիկ բուրգը:

Տնտեսագետ, Կովկասի համալսարանի պրոֆեսոր Օթո Աբեսաձեն նշում է՝ երկիրը կանգնած է հսկայական ռիսկի առաջ: Նրա համոզմամբ՝ եթե ​​Վրաստանում գործող առևտրային բանկերը խախտեն միջազգային պատժամիջոցների նորմերը, որոնց հեղինակներից և գործիքներից է SWIFT-ը (Համաշխարհային միջբանկային ֆինանսական հաղորդակցությունների ընկերություն), ապա, ամենայն հավանականությամբ, հաջորդ կարգավորումները կգործեն հենց առևտրային բանկերի վրա.

«Պարզ ասած, Վրաստանի քաղաքացիները հրաժեշտ կտան VISA-ին և MASTERCARD-ին, ինչպես նաև բանկային փոխանցումներին, մոբայլ բանկինգին և այլն: Համակարգային բանկային հարթակների անոմալիան Վրաստանում կհանգեցնի տնտեսության ամբողջական, լիակատար փլուզման։ Վրաստանի տնտեսության և բիզնեսի ավելի քան 90 տոկոսը կապված է բանկային ռեսուրսների հետ»:

Տնտեսագետ Ակակի Ծոմաիան ասում է՝ ակնհայտ է, որ ԱԲ-ի որոշումը որոշակի վնաս է հասցնում ֆինանսական համակարգի անվտանգությանը, սակայն պնդել, թե այս փաստը տապալելու է բանկային համակարգը, սխալ է:

Ըստ նրա՝ առևտրային բանկերը Փացխալաձեի արտարժույթ ոչ մի տեղ չեն կարող փոխանցել: Ամենայն հավանականությամբ, Փարցխալաձեն կհանի գումարը և կփակի վրաստանյան բոլոր հաշիվները։

«Գլխավորն այն է, որ ամենաշատը տուժում է երկրի միջազգային հեղինակությունը, քանի որ ԵՄ թեկնածուի կարգավիճակ փնտրող երկիրը մտնում է Ուգանդայի, Բելառուսի և նման այլ երկրների կատեգորիայի մեջ, երբ պատժամիջոցների ենթարկված անձին հնարավորություն ես տալիս երկրում բանկային հաշիվներին հասանելիություն ունենալ: Սա շատ ավելի մեծ սպառնալիք»:

Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլիի խոսքով, Փարցխալաձեին պատժամիջոցների ենթարկելուց հետո օլիգարխիկ բուրգը շատ է վախեցել:

Ըստ նրա՝ բուրգն այնքան վախեցած էր, որ համակարգը, վախենալով փլուզվելուց՝ որոշել է անմիջապես արձագանքել, հաղորդագրություն ուղարկել՝ «ամեն ինչ լավ է, մենք ձեր մասին հոգ կտանենք, մի վախեցեք» և գնաց մի քայլի, որը երկարաժամկետ հեռանկարում շատ ավելի վնասակար է:

«Սա խոսում է այս օլիգարխիկ բուրգի թուլության մասին, և այն մասին, որ հենց իրական սպառնալիք հայտնվի, անմիջապես կլքեն այս համակարգը։ Այդպես է, երբ ավտորիտար համակարգ ես հիմնում. նրա անդամների հավատարմությունը հիմնված է հարմարավետության, օգուտների, տենդերներ շահելու վրա, իսկ երբ վտանգ է հայտնվում, այս համակարգը փլուզվում է»:

Ի՞նչ է կատարվում

Այն բանից հետո, երբ Վրաստանի նախկին գլխավոր դատախազ, այժմ օլիգարխ, գործարար Օթար Փարցխալաձեի նկատմամբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառեց, սեպտեմբերի 18-ին Վրաստանում ևս սկսեց գործել միջազգային ֆինանսական պատժամիջոցների կիրառման մեխանիզմը։ Հայտնի դարձավ, որ Ազգային բանկը (ԱԲ) սահմանափակել է Փարցխալաձեի հասանելիությունն իրեն պատկանող բանկային հաշիվներ։

Նախ՝ «Վրացական երազանքի» նախագահը, ապա թիմի մյուս անդամները հակասահմանադրական են գնահատել ԱԲ-ի որոշումը։ Որպես փաստարկ իշխող ուժը ներկայացնում էր Փարցխալաձեի՝ Վրաստանի քաղաքացի լինելը:

Սեպտեմբերի 19-ին ԱԲ-ը բացառիկ հրաման է արձակել, ըստ որի՝ պատժամիջոցների ենթարկված Փարցխալաձեի մուտքը բանկային հաշիվներ կվերականգնվի։

Մասնավորապես, նոր կարգի համաձայն, պատժամիջոցների ենթարկված Վրաստանի քաղաքացիների նկատմամբ սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն, եթե դատարանը որոշում կայացնի նրանց դեմ։ Ըստ այդմ, պատժամիջոցների տակ հայտնված Փարցխալաձեի նկատմամբ գործարքների սահմանափակումն ուժի մեջ կմտնի, եթե վրացական դատարանը նրան մեղավոր ճանաչի։

Ի՞նչ են ասում սահմանադրագետներն ու ֆինանասական սեկտորի փորձագետները

Անկախ սահմանադրագետներն ասում են, որ միջազգային ֆինանսական պատժամիջոցները չեն հակասում երկրի Սահմանադրությանը, ինչպես նաև դրանց կատարումը չի խախտում անմեղության կանխավարկածը։

Ֆինանսական և բանկային փորձագետները նշել են, որ, եթե ԱԲ-ը  չկիրառի պատժամիջոցները, դա կվտանգի ամբողջ երկրի ֆինանսական բարեկեցությունը։

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Թուրնավայի հրամանը, ԱԲ նախկին նախագահ, ընդդիմադիր խորհրդարանական Ռոման Գոցիրիձեն ասաց՝ այս որոշումը Վրաստանի ֆինանսական հատվածը դնում է «ամենամեծ ռիսկի տակ»։

Ի՞նչ է ասում է երկրի նախագահը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ազգային բանկի (ԱԲ) նախագահի պաշտոնակատար Նաթիա Թուրանովային հրաժարական տալու կոչ է արել:

Զուրաբիշվիլին հանրությունից ներողություն է խնդրել՝ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախկին նախարար Թուրնավային ԱԲ-ի նախագահի թեկնածուի պաշտոնում առաջադրելու համար։

«Առաջին հերթին ԱԲ նախագահի պաշտոանակատարը, որը չկարողացավ պաշտպանել Ազգային բանկի անկախությունը, ընդհակառակը՝ անձամբ վնասեց անկախության սկզբունքը, պետք է հրաժարական տա»,- ասել է Զուրաբիշվիլին։

Նրա խոսքով, այժմ լուծումն այն է, որ Ազգային բանկի դիտորդական խորհուրդը չեղյալ համարի նախագահի պաշտոնակատարի որոշումը։