Փետրվարի 25-ին համընդհանուր գործադուլ է նախատեսված

Վրաստանում փետրվարի 25-ին՝ ժամը 16:00-ին, նախատեսված է համընդհանուր գործադուլ։ Հայտարարության համաձայն՝ աշխատողներն ու գործատուները՝ երկրի տնտեսությունը կերտող մարդիկ, գործադուլ են անելու իրենց աշխատատեղերի դիմաց, ապա տարբեր վայրերից երթով շարժվելու են դեպի Հերոսների հրապարակ։

Պլանավորված բողոքի ակցիայի համաձայն՝ երթը կազմակերպվելու է հետևյալ վայրերից.

  • Վակեի այգուց,
  • Ամաղլեբա փողոցից,
  • «Ավլաբարի» մետրոյի կայարանից,
  • «Մարջանիշվիլիի» հրապարակից,
  • «Սադգուրի» կայարանի հրապարակից,
  • Թբիլիսիի սպորտի պալատից։

«Փետրվարի 25-ը ողբերգական օր է Վրաստանի պատմության մեջ, քանի որ հենց այդ օրը՝ 1921 թվականին, Ռուսաստանը կանգնեցրեց Վրաստանի ժողովրդավարական ու եվրոպական զարգացումը։ 1921 թվականի նոյեմբերին վրաց ժողովուրդը գործադուլ արեց։ Ակնհայտ է, որ դա բավարար չէր անկախությունը վերականգնելու համար, և 1924-ի և 1937-ի բռնաճնշումները տասնամյակներ շարունակ ճնշեցին անկախության գաղափարը։ Փետրվարի 25-ին՝ ժամը 16:00-ին, Վրաստանը գործադուլ է հայտարարում։
Մենք գնալու ենք հերոսների մոտ՝ նրանց հրապարակ՝ այն հավատով, որ Վրաստանի դրոշը միշտ կծածանվի Վրաստանի գլխավերեւում»,- ասված է գործադուլի մասին ազդարարող հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 15-ին գործատուներն ու աշխատակիցները կազմակերպել էին համընդհանուր գործադուլ։ Գործադուլը տևել էր 3 ժամ։