Վրաստանի ընդդիմադիր «Ռազմավարությունը Աղմաշենեբելի», «Դրոա» և «Գիրչի» կուսակցության առաջնորդները, ակտիվիստները և հայտնի դեմքերը հայտարարել են ազգային-ազատագրական շարժման մեկնարկի մասին:
Նրանք հավաքվել են Թբիլիսիի առաջին գիմնազիայի դիմաց և հանրությանը ներկայացրել շարժման նպատակները:
«Ազգային-ազատագրական շարժումը կավարտվի Վրաստանի ապաօկուպացմամբ, Վրաստանը կազատվի կոլաբորացիոնիզմից, զավթված իշխանությունը կվերադառնա ժողովրդին, մենք միասին ենք, միասին ենք պայքարելու, պայքարելու ենք մինչև վերջ։ Փետրվարի 24-ին կսկսենք Ուկրաինայի համերաշխության ակցիայով, ակցիա՝ ի համերաշխություն ուկրաինացի ժողովրդի, որ պայքարում է ռուս ֆաշիստների դեմ:
Մեր գործողությունները կլինեն վրաց ժողովրդի միասնության ցուցադրություն, մենք կստիպենք կոլաբորացիոնիստներին նահանջել, մենք կստիպենք նրանց հրաժարվել և դադարեցնել ռուսական շահերը վրացական կառավարության անունից հետապնդելը…»,- ասել է ռազմական փորձագետ Ակիա Բարբաքաձեն։
«Դրոա» կուսակցության հայտարարության մեջ նշված է. «Փետրվարի 24-ին` Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի մեկնարկի օրը, մենք կմիավորվենք ու ևս մեկ անգամ կհայտարարենք մեր հաստատակամ աջակցությունն ազատության և խաղաղության համար պայքարող հերոսներին…
Վրաց ժողովուրդը երբեք չի հաշտվի «Վրացական երազանքի» վարած գարշելի, անարժեք քաղաքականության հետ։ Ռուսաստանն ու «Վրացական երազանքը» փորձում են մեզ պառակտել: Մեր խնդիրը համախմբվելն ու միասնական լինելն է: Մենք շատ ավելին ենք, քան իշխանությունը չարի կայսրության և նրա ռուսական ստորաբաժանումների կողմից: Փետրվարի 24-ին սկսենք այն գործընթացը, որը մեզ կտանի դեպի հաղթանակ՝ դեպի եվրոպական, ազատ, խաղաղ, պաշտպանված Վրաստան»։
Ի դեպ, փետրվաիր 24-ին լրանում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սանձազերծած պատերազմի մեկ տարին: