Փաթեթային առարկաների հայերեն քննություն. նոր հնարավորություն ուսուցիչների համար

Վրաստանում այս տարի առաջին անգամ էթնիկ փոքրամասնությունների լեզուներով դասավանդող դպրոցների I-IV դասարանների ուսուցիչները հնարավորություն ունեն մասնակցելու կոմպլեկտ (փաթեթային) առարկաների քննությանը՝ իրենց մայրենի լեզվով: «Ալիք Մեդիա Վրաստան»-ը զրուցել է հայալեզու դպրոցների տարրական դասարաններում դասավանդող ուսուցիչների ու տնօրենների հետ. նրանք դրական քայլ են համարում այս նախաձեռնությունը, ոմանք` նաև ուշացած:

Ուսուցիչների խոսքով, սա միանշանակ աջակցություն է փոքրամասնությունների լեզուներով դասավանդող դպրոցներին, բայց ուշացած է, որովհետև իրենցից շատերն արդեն այլ առարկաների գծով են դարձել ավագ ուսուցիչ՝ կարգավիճակ ստանալու և աշխատանքից չզրկվելու համար:

Վրաստանի Մառնեուլիի մունիցիպալիտետի Խոժոռնի գյուղի տարրական դասարանների դասվար, «Բնություն» առարկայի ավագ ուսուցչուհի Արմինե Խաչատուրյանի խոսքով, այս քննությանը վաղուց են սպասել, սա միանշանակ դրական քայլ է և խթանում է ուսուցիչների որակյալ աշխատանքին:

«Ցանկալի կլիներ, որ այս քննությունն ավելի շուտ լիներ, քանի որ մեզանից շատերն այլ առարկաներով են ավագ դարձել, որպեսզի դուրս չմնան դպրոցից, կարողանան շարունակել դասավանդել իրենց մայրենին և այլ առարկաներ: Ճիշտ է, ըստ օրենքի՝ մենք միայն քննություն հանձնած առարկայի դասաժամերի համար ենք բարձր վարձատրվում, իսկ չհանձնածների համար՝ նշանակալիորեն ցածր, բայց կարևորն այն է, որ պահպանում ենք մայրենին», — ասաց Խաչատուրյանը:

Տարրական դասարանների կոմպլեկտ առարկաները հայալեզու դպրոցներում ներառում է «Հայոց լեզու և գրականություն», «Մաթեմատիկա» և «Բնություն» (I-IV դասարաններ): Տվյալ քննությունը հաղթահարելու դեպքում ուսուցիչը հնարավորություն է ունենում այդ առարկաները դասավանդելու I-IV դասարաններում: Այս քննության միայն «Հայոց լեզու և գրականություն» առարկայի օրինակը հասանելի է այստեղ:

Մառնեուլիի մունիցիպալիտետի Չանախչի գյուղի տնօրեն Մանանա Մանուկյանը նշեց՝ այս նորությունը կարևոր է, բայց նաև ուշացած է, քանի որ ուսուցիչներն այժմ պետք է 1, 4, 7 կամ 10 կրեդիտ-միավորի փոխարեն այդ քննությունը հանձնեն բացառապես 10 կրեդիտ-միավորով, ինչը գուցե որոշ ուսուցիչների դեպքում խնդիր հարուցի:

«Ուշացած է նաև, քանի որ տարրական դասարանների այդ առարկաների ուսուցիչները, քանի որ կոմպլեկտ քննություն չկա, առանձին-առանձին են հանձնել քննությունները: Սակայն պետության այս քայլը ողջունելի է, սա լավ հնարավորություն է», — ասաց Մանուկյանը:

Նշենք, որ այն ուսուցիչները, որոնք արդեն մեկ առարկայից 1, 4, 7 կամ 10 կրեդիտ-միավորով ավագ ուսուցիչ են դարձել, ցանկացած երկրորդ քննություն հանձնելու դեպքում պետք հավաքեն տվյալ առարկայի 60 տոկոսից ավելին, այսինքն՝ 10 կրեդիտ-միավոր, որպեսզի քննությունը համարվի հաղթահարված:

Մառնեուլիի Դամիա գյուղի դպրոցի տարրական դասարանների դասվար Ակսաննա Միսկարյանը, որ ավագ ուսուցչուհի է դարձել «Ֆիզիկական դաստիարակություն» առարկայից, ասաց՝ ուշացած նորություն է, քանի որ ուսուցիչներից շատերը, ինչպես և ինքը, դպրոցից դուրս չմնալու համար այլընտրանքի են դիմել. լինելով տարրական դասարանների մասնագետ՝ ինքն այլ առարկայից է քննություն հանձնել աշխատանքը չկորցնելու համար:

«Նշեմ նաև, որ մենք տարիներ ենք կորցրել, ամեն տարի մեկ առարկայի համար պարապել, մասնակցել քննություններին, այլ աշխատանքներ կատարել և վերջում դարձել ավագ ուսուցիչ, որպեսզի կարողանանք աշխատանքին համապատասխան վարձատրություն ստանալ, դուրս չմնալ դպրոցից: Եթե ժամանակին լիներ այս հնարավորությունը՝ միանգամից սա կհանձնեինք, և յուրաքանչյուրս մեր դասվարական դասարանում կդասավանդեինք, ինչը դրական է նաև աշակերտների համար», — ասաց Ակսաննա Միսկարյանը:

Ակսաննա Միսկարյանի խոսքով, եթե այն ժամանակ կարող էին 1, 4, 7 կամ 10 կրեդիտ-միավորով հաղթահարել քննությունը, ապա այժմ 10 կրեդիտ-միավոր կպահանջվի, ինչը սխալ և անարդարացի մոտեցում է, քանի որ վրացալեզու դրպոցների տարրականների ուսուցիչները ցածր միավորով քննությունը հանձնելու առավելությունից օգտվել են:

Ի դեպ, էթնիկ փոքրամասնությունների դպրոցներում սա միակ խնդիրը չէր. տարիներ առաջ ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչները հնարավորություն չունեին քննություն հանձնելու հենց իրենց մայրենի լեզվի համար (օրինակ՝ «Հայոց լեզու և գրականություն»), ինչի հետևանքով կանգնած էին դպրոցից դուրս մնալու վտանգի առաջ և ցածր վարձատրություն էին ստանում: Նրանցից շատերն այլ առարկայից էին ավագ դառնում, շարունակում դասավանդել մայրենին ցածր վարձատրությամբ: Խնդիրը լուծում ստացավ 2022 թվականին. ոչ վրացալեզու դպրոցների մայրենիի ուսուցիչները կարողացան մասնակցել քննություններին և կարգավիճակ ձեռք բերել. հնարավորություն տրվեց պրակտիկոս ուսուցչի կարգավիճակը պահպանել մինչև 2026 թվականը:

Ակսաննա Միսկարյանին համակարծիք է նաև նույն դպրոցի տնօրեն Սիլվա Ամիրյանը: Տնօրենը ողջունում է այս քայլը և միաժամանակ նշում՝ եթե ավելի վաղ լիներ, շատ ավելի արդյունավետ կլիներ:

«Ոչ վրացական դպրոցի տարրական դասարանների ուսուցիչները ստիպված էին մեկ քննության փոխարեն մի քանի քննություն հանձնել որպեսզի գոնե մի քիչ բարձր աշխատավարձ ստանային։ Ցանկալի կլինի, որ այս ժամերը` հայոց լեզու, մաթեմատիկա, բնություն, որ բոլորը միասին ընդամենը կազմում են 12 կամ 13 ժամ, համարվեին մեկ լրիվ դրույք, ու վճարվեր որպես մեկ դրույք, սա կլիներ արդարացի», — ասաց  Ամիրյանը:

Ուշագրավ է, որ վրացալեզու դպրոցներում համանման քննությունը, սակայն՝ վրացերեն, «Վրաց լեզու և գրականություն», «Մաթեմատիկա» և «Բնություն» (I-IV դասարաններ), տարիներ շարունակ առկա է, իսկ ահա ոչ վրացալեզու դպրոցներում այս տարվանից է ներդրվում:

Ընդգծենք նաև այն փաստը, որ ուսուցիչներն իրավունք ունեն տարեկան ընդամենը մեկ անգամ մասնակցել քննության և միայն մեկ առարկա կարող են հանձնել:

Ծալկայի շրջանի Բուռնաշեթ գյուղի հանրակրթական դպրոցի «Հայոց լեզու և գրականություն» առարկայից ավագ ուսուցչուհի Անաիդա Եղիկյանը, որ նաև «Մաթեմատիկա» է դասավանդում, ուրախությամբ է արձագանքում լուրին: Ըստ նրա, սակայն, «Հայոց լեզու և գրականություն» առարկայի նմուշը, որ արդեն հրապարակվել է, չի համապատասխանում տարրական մակարդակին, ավելի բարձր դասարանների համար է նախատեսված:

«Ես շատ ուրախ եմ, որ հայոց լեզվով կա տարրական դասարանների քննություն, դրա համար շնորհակալ ենք։ Չնայած, լինելով տարրական դասարանների ուսուցիչ, ես հանձնել եմ հայոց լեզվից քննություն, այժմ ավագ ուսուցչուհի եմ, բայց քանի որ հիմա արդեն կոմպլեկտ առարկաներից նաև կա հայերեն քննություն, կցանկանայի մասնակցել։ Ուսումնասիրելով այս պահին առկա հայոց լեզվի և գրականության թեստի նմուշը, կարծում եմ՝ բարդ է, չի համապատասխանում 1-4-րդ դասարանների մակարդակին, դա իմ կարծիքն է։ Թեստի մեջ կա հոլով, գոյական անդամների լրացումների անուններ, որը մենք չենք անցնում այդ դասարաններում։ Հոլովները անցնում են 7-րդ դասարանից», — ասաց Եղիկյանը:

Ասաց՝ կցանկանար նաև, որ հրապարակվեր «Մաթեմատիկա» և «Բնություն» առարկաների նմուշները, որ գոնե փոքր-ինչ կարողանային ծանոթանալ.  «Ուրախ կլինեմ, որ վերանայվի թեստերի բարդությունը։ Իսկ ընդհանուր առմամբ շատ-շատ ուրախ եմ և շնորհակալ կրթության, գիտության և երիտասարդության նախարարությանը հայ ուսուցիչներին աջակցելու համար»:

«Ալիք Մեդիա Վրաստան»-ն այս խնդրի առնչությամբ կապ հաստատեց Քննությունների և գնահատման ազգային կենտրոնի (NAEC) հետ: NAEC-ից հայտնեցին՝ «Մաթեմատիկա» և «Բնություն» առարկաների նմուշները այս պահին պլանավորված չէ թարգմանել. ուսուցիչները կարող են տվյալ առարկանեի համար նախատեսված վրացերեն գրականության ցանկից օգտվել:

«Վրացալեզու գրականության ցանկից և նախորդ տարիների նմուշներից կարող են օգտվել. համանման վարժություններ են լինելու», — «Ալիք Մեդիա Վրաստան»-ին ասացին NAEC-ից:

NAEC-ի կայքում հրապարակված նմուշները հասանելի են այստեղ և այստեղ:

Վրաստանում մեկնարկել է ուսուցիչների 2025 թվականի առարկայական, ավագ հատուկ ուսուցիչների և հիմնական մասնագիտական ​​հմտությունների քննությունների գրանցումը: Ուսուցիչների և ուսուցիչ դառնալ ցանկացողների գրանցումը սկսվել է մարտի 11-ի ժամը 10:00-ին և կշարունակվի մինչև ապրիլի 2-ի ժամը 18:00-ն: NAEC-ի փոխանցմամբ՝ գրանցումը կատարվում է միայն էլեկտրոնային եղանակով online.naec.ge կայքի միջոցով։

Մեկնարկել է ուսուցիչների քննությունների գրանցումը