Հայաստանի Հանրապետությունում նախօրեին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հրապարակումից ժամեր անց Վրաստանի փորձագիտական շրջանակները սկսեցին քննարկել հարևան երկրում զարգացած իրադարձությունները:
Կից ներկայացնում ենք Միջազգային հարաբերությունների մասնագետ Թոռնիկե Շարաշենիձեի ֆեյսբուքյան գրառումը.
«Փաշինյանի հաղթանակով տարվելը պարզ է, սակայն՝
- Նրա կուսակցության հաղթանակը սպասելի էր և, համապատասխանաբար, Մոսկվայի համար որևէ տիպի տհաճ անակնկալ չի եղել:
- Փաշինյանը նույն Քոչարյանից շատ ավելի արևմտամետ է, սակայն սա, մեծ հաշվով, չի փոխում այն իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը պատերազմում պարտվելուց հետո. երկիրն Ադրբեջանի հետ պատերազմում կորցրել է տարածքներ, շատ է տուժել, իսկ նրա գլխավոր պատմական թշնամին՝ Թուրքիան սերտորեն հաստատվել է տարածաշրջանում: Համապատասխանաբար, Հայաստանը Ռուսաստանի կարիքն ավելի շատ ունի որպես փրկիչ:
- Ռուսաստանին որպես փրկիչ ընդունելուց ապահովագրվելու համար Հայաստանը պետք է հաշտվի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Սակայն սա շատ ավելի հեշտ էր անել մինչև նախորդ տարվա պատերազմը, երբ Հայաստանն ուժեղ դիրքեր ուներ: Եթե սա չի կարողացել անել Փաշինյանի (ինչպես նաև նրանից առաջ եղածները) իշխանությունը, կասկածելի է, որ դա ստացվի հիմա, երբ հայ ժողովրդի մոտ պատմական թշնամիների նկատմամբ ավելի շատ նեգատիվ կա:
- Փաշինյանն արդեն լուրջ սխալներ է արել առաջին կառավարման ընթացքում (պատերազմը հենց դրա հետևանքն է)։ Որևէ երաշխիք չկա, որ հետագայում ևս նման կերպ չի վարվի: Չնայած այս ամենին, նրա հաղթանակը մեզ համար ավելի գերադասելի էր, սակայն ընդամենը այս է….»,- գրում է փորձագետը
Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։