Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին` Վրաստանի խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի առիթով:
Փաշինյանի ուղերձը ներկայացնում ենք անփոփոխ.
«Մեծարգո՛ պարոն վարչապետ,
Ջերմորեն շնորհավորում եմ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության տպավորիչ հաղթանակի կապակցությամբ:
Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթություններից է։ Լիահույս եմ, որ Վրաստանում Ձեր առաջնորդության առաջիկա տարիների ընթացքում և մեր համատեղ ջանքերի շնորհիվ անշեղորեն կզարգանա ու կընդլայնվի Հայաստանի և Վրաստանի փոխգործակցությունը։
Մեր երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերությունը շոշափելի հնարավորություններ է ստեղծում ընդհանուր մարտահրավերներին համատեղ դիմակայելու և մեր տարածաշրջանն ավելի կայուն, անվտանգ ու բարգավաճ դարձնելու համար։
Օգտվելով առիթից, Ձե´րդ գերազանցություն, մաղթում եմ Ձեզ հաջողություն և ամենայն բարիք, իսկ Վրաստանի եղբայրական ժողովրդին՝ անշեղ զարգացում և կայուն առաջընթաց»:
Նշենք, որ հոկտեմբերի 27-ի առավոտվա դրությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 3111 տեղամասերից 3100 տեղամասերի նախնական արդյունքները (99,646 տոկոս)։
Խորհրդարանական ընտրություններում, նախնական տվյալներով, առաջատար է «Վրացական երազանքը»՝ 54,086 տոկոսով։ Ընդդիմությունից ամենաշատ ձայները ստացել է «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը՝ 10,923 տոկոս։