Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պաշտպանում է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը Երևանի, Թբիլիսիի և Բաքվի միջև քննարկելու գաղափարը՝ թշնամական հռետորաբանությունը վերացնելու նպատակով։
«Սա նոր գաղափար չէ… Ես միշտ կողմնակից եմ եղել, բայց առաջարկել եմ մի շատ կարևոր, հիմնարար բանաձև՝ այս հարթակը նախևառաջ պետք է օգտագործվի թշնամանքի հռետորաբանությունը վերացնելու համար»,- «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ ասել է Փաշինյանը:
Ըստ նրա՝ պետությունների ղեկավարները իրենց համաձայնության մասին պետք է պաշտոնական հայտարարությամբ հանդես գան:
Ի դեպ, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ղարաբաղյան երրորդ պատերազմից հետո հանդես էր եկել այս ձևաչափի ստեղծման նախաձեռնությամբ: Ավելի ուշ՝ այս տարվա հոկտեմբերին, Թբիլիսի կատարած այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության կարևորության մասին։
Բացի այդ, տեղեկություններ կային, որ Թբիլիսիում կարող էր «Խաղաղության պայմանագիր» կնքվել Հայաստանի և Ադրբեջանի միջև։