Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն (ԱԳՆ) արձագանքել է վերջին երկու օրերին Թբիլիսիում եվրոպամետ խաղաղ ցույցերի հանդեպ իրավապահների իրականացրած գործողություններին:
Փարիզը մտահոգություն է հայտնել լրագրողների և ցուցարարների նկատմամբ բռնի ուժի կիրառման մասին հաղորդումների առնչությամբ։ Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշված է՝ Փարիզն ուշադիր հետևում է Վրաստանում տիրող իրավիճակին:
«Մենք անհանգստացած ենք ցուցարարների և լրագրողների նկատմամբ հալածանքների մասին հաղորդումներից և կոչ ենք անում հարգել խաղաղ ցույցերի իրավունքը։ Հիմնարար ազատությունները, քաղաքական բազմակարծությունը և քաղաքացիական հասարակությունը պետք է պաշտպանված լինեն»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Ըստ նույն հայտարարության՝ եվրոպացի գործընկերների հետ միասին, Ֆրանսիան կշարունակի ամուր կապեր պահպանել Վրաստանի բնակչության հետ և աջակցել նրա եվրոպական նկրտումներին։