
Ֆրանսիայի արտաքին գործերի և Եվրոպայի նախարարությունը արձագանքել է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին և մտահոգություն հայտնել ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման կապակցությամբ։
«Դատապարտում ենք «օտարերկրյա ազդեցության մասին» օրենքի ընդունումից հետո ցուցարարների նկատմամբ իրականացված բռնությունները: Վրաստանը պետք է շարունակի ջանքերը՝ բնակչության ցանկություններին համապատասխան Եվրամիության հետ մերձենալու ուղղությամբ»,— նշված է հաղորդագրության մեջ:
Ի դեպ, վերջին 2 շաբաթվա ընթացքում Թբիլիսիում շարունակական, լայնածավալ բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ «ռուսական օրենք» անվամբ հայտնի «գործակալների մասին օրենքի»։ Իշխանությունը ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, «պղպեղի սփրեյ» և ռետինե փամփուշտներ է օգտագործում խաղաղ ցուցարարների դեմ։ Մայիսի 1-ին խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ տուժել է 11 մարդ, որոնցից 8-ը տեղափոխվել են կլինիկա։
«Վրացական երազանքը» երեկ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»։