Վրաստանի խորհրդարանի հարակից Ճիճինաձեի փողոցում ցուցարարների և ոստիկանների միջև կրկին բախում է տեղի ունեցել: Ոստիկանները մի քանի քաղաքացու բերման են ենթարկել։
Խորհրդարանի մոտ ոստիկանները պղպեղի սփրեյ և արցունքաբեր գազ են կիրառել ցույցի մասնակիցների դեմ: Ցուցարարների խոսքով ոստիկանները բռնություն են կիրառում: Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը:
Հատուկջոկատայինները պատրաստվում են գործի դնել նաև ջրցան մեքենաները, որոնք, ի դեպ, ՆԳՆ-ն ձեռք է բերել բոլորովին վերջերս՝ ընտրություններից առաջ:
Հանրահավաքի մասնակիցները չնայած խիստ լարված իրավիճակին՝ չեն պատրաստվում հեռանալ։ Բողքի ակցիան խորհրդարանի շենքի դիմաց՝ Ռուսթավելի պողոտայից զատ տարածվում է շրջակա՝ Ճիճինաձեի և Չիտաձեի փողոցներում։
Թբիլիսիի Ազատության հրապարակում հատուկ ջոկատայիններ և ջրցան մեքենաներ են մոբիլիզացված:
Թբիլիսիում և երկրի մի շարք քաղաքներում քաղաքացիները բողոքում են «Վրացական երազանք»-ի որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանի չլեգիտիմացված կառավարությունը հրաժարվում է Եվրամիության հետ բանակցություններ սկսել մինչև 2028 թվականի ավարտը:
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ այսօր ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամաձայնել «Վրացական երազանք»-ի որոշման հետ: