Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է, որ Վրաստանի կառավարությունը կդառնա «Բորջոմի» ընկերության համասեփականատեր։
«Էկոնոմիկայի նախարարությունը ավարտել է քննարկումները այս հարցով։ Մեկ շաբաթից այն կքննարկենք նաև կառավարության նիստում՝ ձեռք բերելու «Բորջոմի»-ի բաժնետոմսերի մի մասը։ Պետությունը կդառնա «Բորժոմի»-ի համասեփականատեր»,- կառավարության այսօրվա նիստում ասել է Ղարիբաշվիլին։
«Բորջոմիի» բաժնետոմսերը 2013 թվականից պատկանում է Alfa Group ընկերությանը, որի հիմնադիրը ռուս միլիարդատեր, գործարար Միխայիլ Ֆրիդմանն է։
IDS Borjomi Georgia-ի երկու շշալցման գործարաններն էլ ժամանակավորապես դադարեցրել են իրենց գործունեությունը ապրիլի 29-ից՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով։
Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ մայիսի 31-ին, IDS Borjomi Georgia-ի աշխատակիցները բողոքի ցույց և գործադուլ են անցկացրել։
Ընկերությունը արձագանքելով ակցիային նշել էր, որ այս փուլում «Բորջոմիի» N1 և N2 շշալցման գործարանները գործում են նվազագույն բեռնվածությամբ միայն վրացական շուկայի համար, «արտահանման շուկաների մեծ մասում (80 տոկոս) իրավիճակն անորոշ է»։
Ընկերությունը ժամանակավորապես դադարեցրեց արտադրական գործընթացը Բորջոմիի երկու շշալցման գործարաններում այս տարվա ապրիլի 29-ից։