Պետության համար ճիշտ չէ, որ նախագահն իր միջոցներով գնա հանդիպումների. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սեպտեմբերի 7-ին քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է՝ եվրոպական երկրների ղեկավարների հետ հանդիպելու համար օգտագործել է սեփական ֆինանսական միջոցները, ինչը «պետության համար ճիշտ չէ»։

Նախագահն ասել է՝ իրեն հարգանքով են ընդունում, քանի որ ներկայացնում է այն մարդկանց, ովքեր ցույց են տվել, թե որքան կարևոր է եվրոպական հեռանկարը։

«Եթե դուք դուրս չգայիք և ամբողջ Եվրոպային ցույց չտայիք, թե որքան կարևոր է այս (նկատի ունի եվրոպական հեռանկարը- խմբ.) հեռանկարը, ես նման վստահություն չէի ունենա տարբեր առաջնորդների հետ հանդիպելիս»,- ասել է նախագահը:

Զուրաբիշվիլիի խոսքով, եվրոպացի գործընկեները գիտեն, որ ինքը ժողովրդի կողմից է ընտրված, և դա է պատճառը, որ իրեն հարգանքով են դիմավորում: Ըստ նախագահի՝ դա իր վաստակը չէ, այլ՝ ժողովրդինն է:

«Ես հպարտ եմ, որ ձեզ եմ ներկայացնում եվրոպական տարբեր մայրաքաղաքներում… Ես ապավինում եմ ձեզ, իսկ դուք՝ ինձ, մենք միասին կգնանք ու կհասնենք վերջակետին»։

Հիշեցնենք, որ Զուրաբիշվիլիին Վրաստանի կառավարությունը մերժել էր երկրի եվրաինտեգրմանն աջակցող եվրոպական շրջագայությունը, թեև Զուրաբիշվիլին մեկնել էր Գերմանիա, Բրյուսել և Ֆրանսիա, հանդիպումներ ունեցել տարբեր գործընկերների հետ:

Նախագահի «անհնազանդության» համար իշխող «Վրացական երազանք» կուսակցության կառավարությունը Զուրաբիշվիլիի իմփիչմենթի ընթացակարգ է սկսել: