Պետք է քննարկվի նոր ընտրությունների անցկացումը. Նիդերլանդների ԱԳ նախարար

Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը հայտարարել է՝ Վրաստանի կառավարությունը պետք է քննարկի նոր ընտրությունների անցկացումը։

Նրա գնահատմամբ` բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել նախընտրական շրջանում և ընտրությունների ընթացքում:

Այս կարծիքը նա լրագրողներին հայտնել է Բրյուսելում ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումից առաջ։

«Կարծում եմ, Վրաստանի կառավարությունը պետք է մտածի նոր ընտրությունների մասին, սա շատ կարևոր է։ Նիդերլանդները կանգնած է վրաց ժողովրդի կողքին, և մենք չենք դադարի դա անել»,- ասել է Կասպար Վելդկամպը։

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, որ այսօր՝ փետրվարի 24-ին, ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն նաև Վրաստանի հարցը։