Պետք է այլընտրանք գտնել հիմնադրամներին. Զուրաբիշվիլի

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Վրացական երազանք»-ի որոշումները, որը փորձում է սահմանափակել ցույցերը, անվանում է հասարակության դեմ հայտարարված պատերազմ։

Զուրաբիշվիլին անդրադարձել է նաև մարտի 17-ին դատախազության պահանջով  բարեգործական հիմնադրամների ու հասարակական կազմակերպությունների բանկային հաշիվների սառեցմանը:

«Ուզում եմ ասել, որ մենք պետք է այլ կերպ նայենք այս հարցին, գտնենք ուղիներ, որոնցով կարող ենք օգնել այդ մարդկանց», — ասել է Զուրաբիշվիլին։

2024 թվականի նոյեմբերի 28-ից Վրաստանում ավելի քան երեք ամիս շարունակաբար անցկացվում են եվրոպամետ հանրահավաքներ։ Բողոքի զանգվածային ցույցերը սկսվել են «Վրացական երազանք» կուսակցության ընդունած որոշումից հետո՝ «մինչև 2028 թվականը» օրակարգ չներառել Եվրամիության հետ անդամակցության բանակցությունների բացման հարցը։

Բողոքի ցույցերի սկսվելուց հետո «Վրացական երազանք»-ը խստացրեց օրենքները ցույցերը սահմանափակելու նպատակով. արգելեց հավաքների ժամանակ լազերների և դիմակների օգտագործումը, ավելացրեց տուգանքները ճանապարհները փակելու և ոստիկանության հրահանգներին չենթարկվելու համար, նաև վարչական կալանքի ժամկետը 15-ից դարձրեց 60 օր։ Չնայած այս սահմանափակումների ներդրմանը, ցույցերը չդադարեցին, և վերոնշյալ միջոցները օգնեցին տուգանված քաղաքացիներին վճարել տուգանքները։

Հիշեցնենք. դատախազության պահանջի հիման վրա մարտի 17-ին սառեցվել են «Փրոսթերիթի», «Ֆոնդ միմյանց համար 24/7», «Թբիլիսիի մարդու իրավունքների տուն», «Նանուկա»-ի հիմնադրամ կազմակերպությունների բանկային հաշիվները։ Այս ՀԿ-ները և բարեգործական կազմակերպությունները մեղադրվում են ցույցերի համար սարքավորումներ ձեռք բերելու և ցույցերի ընթացքում ձերբակալվածների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու համար, ինչը «Միասնական չեզոք Վրաստան»-ը որակել է որպես «ապօրինի և հանցավոր գործողություններ կատարող անձանց խրախուսում»։