Վրաստանի պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունների համաձայն՝ այս տարվա հունվար-մայիս ամիսներին պետական բյուջե է մուտքագրվել 5,765 մլրդ լարի։
Այս ցուցանիշը 35,8 տոկոսով կամ մոտ 1,519 մլրդ լարիով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Ինչ վերաբերում է բյուջեի եկամուտներին՝ ըստ կոնկրետ հարկերի, ապա 2022 թվականի առաջին 5 ամսում բյուջե է մուտքագրվել շուրջ 1,897 մլրդ լարի եկամտահարկ, մինչդեռ շահութահարկի մուտքերը կազմել են մոտ 887 մլն լարի։
Նշենք, որ հունվար-մայիս ամիսներին բյուջե է մուտքագրվել ամենաբարձր՝ 2,266 մլրդ լարի ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ), ինչը մոտ 490 մլն լարիով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Հատկանշական է, որ ակցիզային հարկից բյուջե է մուտքագրվել մոտ 612 մլն լարի, ներմուծման հարկից՝ 42 մլն լարի, այլ հարկերից՝ մոտ 61 մլն լարի։
Այս տարի հարկային եկամուտների ավելացման հիմնական պատճառը եկամտային, շահութահարկի և ԱԱՀ-ի գծով մուտքերի ավելացումն է։
Ակնհայտ է, որ վերջինիս աճի հիմնական պատճառներից մեկը երկրում գնաճի բարձր մակարդակն է։