2008 թվականի ռուս-վրացական պատերազմի 16-րդ տարելիցի կապակցությամբ, ի պատիվ զոհվածների հիշատակի, այսօր՝ օգոստոսի 8-ին, Վրաստանի կառավարության վարչակազմի շենքի պետական դրոշը խոնարհել են։
Կառավարության վարչակազմի հայտարարության մեջ նշվում է, որ «կառավարության որոշման համաձայն, Վրաստանի Աբխազիայի և Ցխինվալիի շրջանների անօրինական օկուպացիայի նպատակով` Ռուսաստանի Դաշնության կողմից Վրաստանում իրականացված լայնածավալ ռազմական միջամտության հետևանքով զոհված հերոսների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով, երկրի բոլոր վարչական մարմինների շենքերի և արտերկրում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի պետական դրոշները կխոնարհեն»։
Ուշագրավ է, որ Վրաստանի բարեկամ երկրները օգոստոսի 7-ին են արձագանքել Վրաստան Ռուսաստանի ներխուժման 16-րդ տարելիցին։ Օգոստոսի 7-ին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հարգանքի տուրք է մատուցել 2008 թվականի օգոստոսյան պատերազմում զոհվածների հիշատակին։ Օգոստոսի 7-ին եղբայրական գերեզմանատանը ներկա էին նաև ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները։
Օգոստոսի 7-ին հրապարակված հայտարարության մեջ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ընդգծել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» պատասխանատվությունն օգոստոսյան պատերազմում։
Վրաստանի քաղհասարակության և փորձագիտական շրջանակների պնդմամբ՝ օգոստոսյան պատերազմն սկսվել է օգոստոսի 7-ին, իսկ ռուսական քարոզչության համաձայն՝ պատերազմն սկսվել է օգոստոսի 8-ին։ Ռուսական այս պնդման նպատակը պատերազմ սկսելու համար Վրաստանին մեղադրելն է: Ուշագրավ է նաև, որ Վրաստանի գործող կառավարությունը՝ «Վրացական երազանք»-ը, ևս ռուսական նարատիվի կողմնակիցն է:
Ռուս-վրացական պատերազմի հանցագործությունների հետքն անջնջելի է․ կարծիք