Վրաստանի աուդիտի ծառայությունը հրապարակել է «Վրաստանի 2024 թվականի պետական բյուջեի մասին» Վրաստանի օրենքի նախագծի վերլուծությունն ու նշումները, գրում է BusinessPressNews-ը:
2024 թվականի պետական բյուջեի օրենքի նախագծով եկամուտները կկազմեն 23,9 մլրդ լարի, իսկ վճարումները՝ 24,2 մլրդ լարի. 2023 թվականի պլանի համեմատ դրանք ավելացել են, համապատասխանաբար, 1,7 և 1,8 մլրդ լարիով։ Եկամուտների աճը հիմնականում պայմանավորված է «Եկամուտներ» կետի 1,6 մլրդ լարի և «Ծախսեր» կետի 1,5 մլրդ լարի ավելացմամբ։
Աուդիտի համաձայն, 2024 թվականի պետբյուջեի օրինագծով պետական պարտքի կանխատեսվող շեմը սահմանվել է 33,6 մլրդ լարի՝ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 39,3 տոկոս, ինչը 2,3 մլրդ լարիով՝ 7,2 տոկոսով, գերազանցում է 2023 թվականի համանման ցուցանիշը։ Պետական պարտքի աճը պայմանավորված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պարտքի աճով։ Մասնավորապես, ներքին պարտքն ավելանում է 1,5 մլրդ լարիով, իսկ արտաքին պարտքը՝ 750 մլն լարիով։ Չնայած ներքին պարտքի բարձր աճին, արտաքին պարտքի մասնաբաժինը պետական պարտքի ընդհանուր պորտֆելում մնում է բարձր մակարդակի վրա և կազմում է ընդհանուր պետական պարտքի 70,4 տոկոսը՝ 23,6 մլրդ լարի։
Օրենքի նախագծի համաձայն, 2024 թվականի համար կառավարության պարտքի կանխատեսվող չափը սահմանվել է 32,6 մլրդ լարի՝ ՀՆԱ-ի 38,2 տոկոս, ինչը 2,3 մլրդ լարիով՝ 7,7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Պետական պարտքի աճի մեջ վերջինիս տեսակարար կշիռը կազմում է 2,8 տոկոս, իսկ ներքին պարտքինը՝ 4,9 տոկոս։