Հունիսի 20-ի դեպքերի հետ կապված Թբիլիսիի քաղաքային դատարանը քննում է Միավորված ազգային շարժման առաջնորդ Գրիգոլ Վաշաձեին՝ խմբակային բռնության կազմակերպում, դրանում մասնակցություն և հեղաշրջման փորձ հոդվածով առաջադրված մեղադրանքով: Ընդդիմության առաջնորդը հարցաքննության է ներկայացել որպես վկա՝ իրավապաշտպանների հետ:
Գրիգոլ Վաշաձեի խոսքերով, հունիսի 20-ին ընդդիմության կողմից պետական հեղաշրջման փորձ չի եղել: Չնայած սրան, ըստ Վաշաձեի, այսօրվա Վրաստանում ոչինչ չի բացառվում և հետևաբար, մեծ նշանակություն չունի, թե ինքն այօր ինչ կարգավիճակով է դատարանում:
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Թբիլիսիում սկսվեցին, երբ Ռուսաստանի Դաշնության պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որ Թբիլիսի էր ժամանել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով, զբաղեցրեց Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը:
Հունիսի 20-ին հազարավոր մարդիկ դուրս եկան իրենց բողոքն արտահայտելու, որից հետո խորհրդարանի դիմաց բախումներ տեղի ունեցան իրավապահների և ցուցարարների միջև, ինչի հետևանքով շուրջ 240 մարդ վիրավորվեց, երկուսը կորցրեցին աչքերը: Հենց այս պատճառով Թբիլիսիում արդեն մոտ մեկ ամիս է պահանջում են ՆԳ նախարարի հրաժարականը: