
Վրաստանի պետական աուդիտի ծառայությունը Վրաստանի «Հայրենասերների դաշինք» կուսակցության ֆինանսական աջակցության օրինականության առնչությամբ հետաքննություն է սկսել:
Հաստատությունից հայտնել են, որ Աուդիտի ծառայությունը լրացուցիչ տեղեկություն ստանալու նպատակով գրավոր դիմում է ներկայացրել կուսակցությանը:
«Պետական աուդիտի ծառայությունը շարունակում է նախընտրական ժամանակահատվածում քաղաքական կուսակցությունների գործունեության մշտադիտարկումը: Այս կոնկրետ դեպքի հետ կապված ուսումնասիրում ենք Դոսյեի հրապարակած տեղեկությունը: Հետաքննությունը սկսվել է, մեր իրավասության շրջանակներում կատարում ենք հնարավոր բոլոր գործողությունները»,- հայտարարել են պետական աուդիտի ծառայությունից:
Հիշեցնենք՝ Հայրենասերների դաշինքը մեղադրվում է Ռուսաստանից 8 մլն ԱՄՆ դոլարի չափով աջակցություն ստանալու համար։ Ընդդիմադիր կուսակցությունները կոչ են անում թույլ չտալ կուսակցությանը մասնակցել խորհրդարանական ընտրություններին, կուսակցության հիմնադիրներն, իրենց հերթին, հերքում են տեղեկությունը:
«Ռուսաստանի միջամտությունը Վրաստանի ներքին քաղաքականությանը». Վրացական արձագանքը