ԱՄՆ-ը կօգնի Վրաստանի պաշտպանական ուժերի հզորացմանը՝ չնայած վրաց-ամերիկյան զորավարժությունների չեղարկմանը, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Պատրիկ Ռայդերը։
Պատասխանելով «Ամերիկայի ձայնի» հարցին՝ նա անդրադարձել է «Արժանի գործընկեր» զորավարժություններն անժամկետ դադարեցնելու մասին որոշմանը։
«Զորավարժությունները չեղարկելու որոշում կայացնելը հեշտ չէր։ Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում այս զորավարժությունների կարևորությանը, որին նպաստում են գործընկերներն ու դաշնակիցները: Այսպիսով, մենք պատրաստվում ենք շարունակել և անհամբեր սպասել դաշնակիցների ու գործընկերների հետ աշխատելու ապագա հնարավորություններին»,- ասել է Պենտագոնի մամուլիս խոսնակը:
Հիշեցնենք. Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է, որ Եվրամիությունը սառեցրել է Վրաստանի համար նախատեսված 30 միլիոն եվրոյի օգնությունը, որը պետք է փոխանցեր Խաղաղության եվրոպական հիմնադրամը (EPF):
Ուշագրավ է նաև, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները անորոշ ժամանակով հետաձգել է Վրաստանի հետ նախատեսված «Արժանի գործընկեր» (Noble Partner) զորավարժությունները։ Ըստ Վաշինգտոնի` պատճառը Վրաստանի հետ հարաբերությունների քաղաքականության վերանայումն է։
Ընդգծենք՝ Թբիլիսիի հետ հարաբերությունների վերանայման մասին է խոսել նաև Բեռլինը:
Ի դեպ, չնայած միջազգային գործընկերների կոչերին, մայիսի 28-ին Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է «գործակալների մասին» օրենքի վրա դրված նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն։ Սույն օրենքը օտարերկրյա ազդեցության շահերի կրողներ է հռչակում բոլոր այն հասարակական և լրատվական կազմակերպությունները, որոնք ֆինանսավորում են ստանում երկրի ռազմավարական գործընկերներից։ Հենց այս օրենքի ընդունման համատեքստում էր, որ երկրի գործընկերները սկսեցին խոսել Վրաստանի իշխող կուսակցության անդամների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։