Պայքար հողերի համար. կոռուպցիայի 30 տարի Ջավախեթիում

Ջավախեթիում խոշոր հողատարածքները պատկանում են միայն «Վրացական երազանքի» դոնորներին, իշխանության ներկայացուցիչներին և իշխանությանը մոտ կանգնած խմբերին։ Մի տարածաշրջանում, որտեղ տարվա մեջ ընդամենը 5 ամիս անձրև չի լինում, հող մշակելը հաճախ գյուղացու համար ընտանիքը կերակրելու միակ միջոցն է, գրում է publika.ge-ն:

Սեփականաշնորհման շրջանում գյուղական կոլտնտեսությանը պատկանող հողերը յուրացրել են ազդեցիկ անձինք։ Նմանատիպ գործելաոճը իրականացնում է պետությունը` հողը միայն աճուրդով վաճառելով կամ կրկին ազդեցիկ անձանց վարձակալության տալով:

Հողերի սակավությունը պատճառ է դարձել համընդհանուր աղքատության, որն արտացոլված է նաև ժողովրդագրական տվյալներով։ Վերջին 7 տարում մարզի բնակչությունը նվազել է 12 հազարով։ Սոցիալական նպաստ ստացողների թիվը 2012 թվականից գրեթե կրկնապատկվել է։ Աշխատակիցների թվով Սամցխե-Ջավախեթին վերջին տեղերում է։ Չնայած աշխարհաքաղաքական բարենպաստ դիրքին, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի, Մարաբդա-Ախալքալաք-Կարս երկաթուղու և ռեկրեացիոն գոտիների առկայությանը, տեղացիների մեծ մասն իր ապրուստը վաստակում է Ռուսաստան «խոպան» (սեզոնային աշխատանքի) գնալով:

Հողերի բաշխման հարցն ուսումնասիրելու համար հրապարակման հեղինակներն այցելել են Նինոծմինդայի և Ախալքալաքի գյուղեր: Երկրի անկախության վերականգնումից ավելի քան 30 տարի անց Ջավախեթիի բնակիչները մինչ օրս մտահոգված են հողի, ճանապարհների, բնական գազի բացակայությունից, այն զգացումից, որ տարածաշրջանը դեռ անջատված և օտարված է մնացյալ Վրաստանից:

Գորելովկայի քառյակ

Սեպտեմբերի 11-ին Նինոծմինդայի շրջանում՝ Օրլոկա-Գորելովկայիի սահմանին, Ասատուր Եղոյանին ամսական 49 լարիով աճուրդով տրվել է 39 հա հողատարածք։ Հանրային ռեգիստրի տվյալների համաձայն, ըստ համակարգված չափագրված հողամասերի, Եղոյանն ունի 110 հա հողատարածք։ Ընտանիքի անդամները հետ չեն մնում. նրա որդին՝ Հայկ Եղոյանը, 268 հեկտար հողի սեփականատեր է։ Հայրը՝ Փառնիկ Եղոյանը, 261 հեկտար հողի սեփականատեր է: Ընդհանուր առմամբ, Եղոյանի ընտանիքին է պատկանում 640 հեկտար հողատարածք, որը 6 անգամ գերազանցում է Մթածմինդայի տարածքը։

«Այնտեղ, որտեղ մենք ենք ապրում, 39 հեկտարը ոչինչ է, մյուսները հազար հեկտար ունեն»,- աճուրդի արդյունքների վերաբերյալ այսպես են պատասխանել Ասատուրի անձնական հեռախոսահամարից։ Անձը, որը ներկայացել է որպես Եղոյանների փեսա և ընտանիքի վստահված անձ, ասել է, որ իրենք ոչ մեկից ոչինչ չեն խլել. «Պետական ​​հող է եղել, օգտվել ենք դրանից։ Դիմումը լրացրինք և ստացանք դրական պատասխան։ Ծանոթյության կարիք չի եղել։ Վրացերենը և գործը պետք է իմանայիր»:

Եղոյանների ընտանիքին սեփականության իրավունքով պատկանող 640 հեկտար հողատարածքը տարբեր ժամանակներում և տարբեր ձևերով է վաճառվել։ «Շևարդնաձեի օրոք հողը քաղաքապետարանն է բաշխել։ Ամեն ինչ արվել է օրինական: Հողերն այն ժամանկ ենք գրանցել։ Ոմանք ապագայի մասին չէին մտածում, և նրանք չունեն»,- ասել է նույն անձը։

«Եղոյանները Օրլովկա գյուղ են տեղափոխվել Խորհրդային Միության տարիներին: 4 եղբայր են։ Նրանցից մեկն ապրում է Ռուսաստանում և բավականին հեղինակավոր է։ Անշուշտ, ընտրություններում էլ սատարում են իշխող ուժին»,- ասել է Սոցիալական արդարության կենտրոնի հետազոտող Տիգրան Թարզյանը։ (Ավելի ուշ լրագրողը կապ է հաստատել հեղինակների հետ և հայտարարել, որ նկատի ունի այլ Եղոյանների և հերքել է իր ասած տեղեկությունը):

«Հայկ Եղոյանը Նինոծմինդայի քաղաքապետարանում է աշխատում։ Շրջանում առաջին դեմքն է: Ամեն ինչ իրենց ձեռքում է։ 4 տնտեսության են բաժանել Գորելովկան` Ասքանազ Մարկոսյան, Սարգիս Ղարագոզյան, Հայկ Եղոյան և Սումբատ Կյուրեղյան։ Ֆերմաներն էլ են իրենցը: Բոլորն իրար բարեկամ են։ Բաջանաղներ են: Մաֆիոզ սխեմա է»,- պատմել է Գորելովկա գյուղի բնակիչ Լավրենտի Դավարաձեն։

Գորելովկայի 4 խոշոր հողատերերից մեկը՝ Սումբատ Կյուրեղյանը, խորհրդարանի անդամ է, իսկ Ասքանազ Մարկոսյանը՝ Նինոծմինդայի սակրեբուլոյի անդամ։ Նրանց միջև բարեկամակն կապ կա։ Լեյլի Մարկոսյանը Սումբատ Կյուրեղյանի քույրն է և Ասքանազ Մարկոսյանի կինը։ Կյուրեղյանի ընկերն էլ՝ Սարգիս Ղարագոզյանը, 553 հեկտար հողատարածք ունի վարձակալած:

Նինոծմինդայի մունիցիպալիտետում ընդհանոր առմամբ վարձակալությամբ տրվել է 3496 հեկտար արոտավայր: Ջավախեթիի գյուղերում հաճախ են բողոքի ակցիաներ անցկացվում, որտեղ գյուղացիները հասանելիություն են պահանջում արոտավայրերին ու հնձվող հողերին, և պնդում են՝ պետական ​​աճուրդներում շահում են միայն արտոնյալ մարդիկ։

«Երբ հողը գյուղի կողքին է, և մարդիկ անասնապահությամբ են զբաղված, խլել նրանց արոտավայրն ու վաճառել, նույնն է, թե նրանց թողնել առանց ապրուստի»,- ասել է Ջավախեթիի տարածաշրջանային լրատվամիջոցի (Jnews) լրագրող Շուշան Շիրինյանը:

72-ամյա Լավրենտի Դավարաձեն Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղ է տեղափոխվել 2008 թվականին՝ Աջարիայից։ Լավրենտին աշխատում է բենզալցակայանում, թեև ասում է, որ աշխատած գումարը չնչին է: Բացի այդ, նա աշխատում է խոշոր հողատերերի մոտ։

«Մենք հողային խնդիրներ ունենք: Ես աշխատում եմ ուրիշի համար, որ ինքս ինձ պահեմ: Նրանք հողը վերցրել են վարձով, չգիտենք՝ ինչպես են կարողանում։ Ոմանք ունեն 200, ոմանք՝ 500 հեկտար։ Ես նման հողի վրա եմ աշխատում, ու ինձ ամսական 500-600 լարի են վճարում»: Նրա կարծիքով, անհրաժեշտ է շրջանում ունենալ առնվազն 10 հեկտար հողատարածք՝ սեփական կարիքները հոգալու և ընտանիքին կերակրելու համար։

«Փաստորեն գյուղը հողատարածք ունի, բայց մի քանի հոգու սեփականությունն է։ Մեզ՝ (աջարացի էկոմիգրանտներին) վերաբնակեցրին։ Սկզբում բոլոր ընտանիքներին խոստացան 10-15 հեկտար հող, հետո շան պես 2-2 հեկտար շպրտեցին։ Ո՞վ կհեռանա հողից: Ոչինչ չօգնեց։ Մնացինք այսպես, շատերը գնացին, չկարողացան պահել ընտանիքները։ Աշխատանքի չտեղավորվեցին ոչ ֆերմայում, ոչ էլ այլ տեղ»։

Նարինե Վարդերեսյանն ապրում է Թուրքիային սահմանամերձ Կարծախ գյուղում։ Ինչպես մյուսները, ընտանիքը ունի 1,25 հա հողատարածք, բայց նաև ռեզերվային հողեր է օգտագործում:

«Մենք 2 հեկտար ռեզերվային հողատարածք ունենք լեռներում, որտեղ գարի ենք աճեցնում։ Նախկինում միայն քարեր են եղել։ Տեղը մաքրեցի, պարարտանյութ տվեցի, գարի ցանեցի, շատ աշխատանք տարա։ Եթե ​ ինչ-որ մեկը բողոքի, այս հողը կվերցնեն ձեռքիցս, քանի որ փաստաթղթեր չունեմ։ Ժողովրդին պատկանող ռեզերվային հողերն այժմ վաճառվում են հարուստներին։ Իշխանություն ունեցող մարդիկ գիտեն, թե որտեղ կան օգտակար հողեր, աճուրդներ են կազմակերպում, փող են տալիս ու գնում»:

Կարծախցիներն այլ խնդիրներ էլ ունեն: Գյուղը երբեք բնական գազ չի ունեցել։ Ջեռուցման համար օգտագործում են փայտի վառարան կամ կովի գոմաղբ (աթար)։ «Այստեղ կարտոֆիլ, գարի, ցորեն է աճում: Սակայն, պատշաճ ոռոգման համար բավականաչափ ջուր չունենք, և ցանած մշակաբույսերը վնասվում են ջրի պակասից»,- ասել է Նարինեն։

«Տեսեք, թե ինչպես և ինչ պայմաններում են մարդիկ ապրում այստեղ։ Այստեղ, բացի հողերից ու կովերից, ոչինչ չկա։ Գյուղացիներն ունեն 1,25 հեկտար հողատարածք, և այս տարածքի պայմաններում հնարավոր է միայն մեկ կով պահել։ Եթե մեկ կով պետք է պահես, լավ է` չունենաս»,- պատմել  է Նինոծմինդայում բնակվող Խոսրով Գագոսյանը։ Նա վարկով մեքենա է գնել, շրջանում տաքսու վարորդ է աշխատում։ Այսպես է կերակրում ընտանիքին։

Ջավախեթին առանձնահատուկ ագրարային շրջան է, որտեղ գյուղատնտեսությունը բնակչության եկամտի հիմնական աղբյուրն է։ Լեռնային գոտում բերքահավաք են անում տարին մեկ անգամ։ Խոսրովի խոսքով, գյուղացին պետք է ունենա առնվազն 4 կով, որ կարողանա գոյատևել:

«Այստեղ իշխանությունը մարդկանց հանդիպում է միայն ընտրությունների ժամանակ։ Ուրիշ տեղ նրանց չես հանդիպի։ Թե ​​հարց ես տալիս, սենյակից սենյակ են կուղարկում։ Այնքան տեղ կմտնես, վերջիվերջո կհոգնես ու կգնաս տուն։ Շատ խնդիրներ ունենք, բայց ամեն ինչին սովորել ենք ու այսպես ապրում ենք»,- պատմել է Խոսրովը։

Հնձելու հողերի սակավության մասին են խոսում նաև Օկամի գյուղում։ «Այս տարածքը, ինչ տեսնում եք, մի մարդու է պատկանում, Դիլիսկայից է։ Միայն խոտի համար ես 2000 լարի եմ վճարում։ Իմ գործը ապրանք ու կաթ առաքելն է։ Կովերին կերակրել է պետք: Հող չեմ կարող գնել, թանկ է: Ռեզերվային հողեր այլևս չեն մնացել, խլել են, մեկը՝ 15, մեկը՝ 30 հեկտար»,- պատմել է դաշտում աշխատող գյուղացին։

Մոտակայքում շրջելիս է եղել տարածքի սեփականատեր Հարություն Եզոյանը։ Նա 2016 թվականից Օկամիի մերձակայքում ունի 14 հեկտար հնձվող հողատարածք։ Հեղինակների հետ խոսել Եզոյանը չի ցանկացել: Հարությունի հայրը աշխատել է հողի կառավարման ծառայությունում, իսկ ինքը՝ սակրեբուլոյում: Այժմ խոշոր հողատերը Պարենի ազգային գործակալության ներկայացուցիչն է։

Կոռուպցիայի 30 տարվա մասին խոսելիս՝ ուշադրության է արժանի նաև Չամձվրալա (Չամդուրա) գյուղը։ 2018 թվականին փոխվել է գյուղի անտառաշերտի (3 հեկտարի) կարգավիճակը։ Տարածքը հաշվառվել է որպես գյուղատնտեսական նշանակության հող և տրվել է վարձակալության 49 տարով։ Փաստաթղթերում որպես հողի հայտատու նշվում է 76-ամյա Քիշմիշ Վայրադյանը, որը Ախալքալաքի սակրեբուլոյի նախկին պատգամավոր Անդրանիկ Մուրադյանի խորթ մայրն է։

Մաքրված անտառի շերտ

Անդրանիկ Մուրադյանը Ախալքալաքի քաղաքապետարանի սակրեբուլոյում բնական պաշարների և ագրարային հարցերի հանձնաժողովի պատասխանատուն էր։ Միաժամանակ եղել է Չամդուրա գյուղում գործող «Ռուբեն 2014» կոոպերատիվի տնօրենը։ Գույքի հայտարարագրի համաձայն, տարեցտարի նրա սեփականության տակ գտնվող հողատարածքները պակասում են, սակայն գյուղտեխնիկայի սեփականությունն է ավելանում։ 2022 թվականի հայտարարագրում նախկին պատգամավորը որպես դրա վրա գրանցված գույքի համասեփականատերեր է ավելացրել ընտանիքի անդամներին։

Հողամասերի վարձակալությանը հաջորդել են բնակչության բազմաթիվ բողոքները։ Տեղի բնակիչները դեմ էին այն հողերի բաժանմանը, որտեղ տարիներ շարունակ արածեցնում էին իրենց անասունները։ Պատգամավորի ընտանիքը բնակիչներին խոստացել է մաքրված անտառի տեղում ծառեր տնկել։ 3 տարի անց էլ անտառաշերտը դաշտ է մնում. «Հիմա հարմար չէ, հարմար լինի՝ կզանգեմ»,- պատասխանել Մուրադյանը, երբ հեղինակները կապվել են նրա հետ՝ հողային խնդիրների մասին խոսելու համար։

Տեղացիներից մեկը՝ Արամ Մարգոզյանն ասել է. «Ոչ ոք չի հարցնում, թե 3-4 տարվա ընթացքում ինչ է փոխվել կամ արդյո՞ք այս շերտում ծառեր են տնկվել»: Կլան է, վարձակալը փաստաթղթերը կեղծողի խորթ մայրն է: Նրանց ոչ ոք չի վերահսկում։ Մի անգամ աուդիտ բերեցի, սպառնացին ինձ: Ծանոթներ են ուղարկել, թե` թող դադարեցնի, այլապես խնդիրներ կունենա։ Պատկերացրեք, ինչպես է աշխատում համակարգը»:

Քաղաքական նվիրատվություններ և մրցույթներ

Ջավախեթիի հեկտարները հիմնականում պատկանում են իշխող կուսակցության դոնորներին։ Նրանց թվում են այնպիսիք, ովքեր նախկինում սատարել են «Միացյալ ազգային շարժմանը», սակայն իշխանափոխությունից հետո դարձել են իշխող կուսակցության դոնորները։

  1. Գրիգոր Մղդեսյան. 2021 թվականին նա 5000 լարի է նվիրաբերել «Վրացական երազանքին», 145 հեկտար հողատարածք ունի։
  2. Խորեն Թմասյան. «Վրացական երազանքի» նվիրատու, որը 2007 թվականից 87 հա վարելահող ունի Սամեբա գյուղում։
  3. Սերգեյ Պապոյան. կուսակցություններին նվիրաբերել է 25 հազար լարի։ Նրան են պատկանում մի քանի հողատարածքներ։ 2023 թվականի հուլիսի 7-ին առանց պայմանի աճուրդով ձեռք է բերել ավելի քան 0,7 հեկտար պետական ​​սեփականություն հանդիսացող հողատարածք։
  4. Հովիկ Մուրադյան. հողատարածքներ ունի Ախալքալաքի տարբեր գյուղերում։ 2021 թվականին 5000 լարի է նվիրաբերել «Վրացական երազանքին»: Իշխող կուսակցությանը նույնքան գումար է նվիրաբերել նաև Անդրանիկ Մուրադյանը:
  5. Սամվել Գալոյան: իշխող կուսակցությանը նվիրաբերել է 5000 լարի: Նրան են պատկանում ավելի քան 84 հեկտար արոտավայրեր և անտառային զանգվածի մի մասը։
  6. Արման Նորսոյան. «Վրացական երազանքին» նվիրաբերել է 1000 լարի, մասնակցել է 47 մրցույթի, որոնցից 27-ում հաղթել է։ «Վրացական երազանք»-ի և «Միացյալ ազգային շարժման» Նորաին Մկոյանն էլ 379 մրցույթի հաղթող է:

Պատգամավոր, որի գույքը հայտարարագրում նվազում է, իսկ ռեեստրում՝ ավելանում

Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, «Վրացական երազանք» կուսակցական ցուցակից Սումբատ Կյուրեղյանը Ջավախեթիի խոշոր հողատերերից է։ Եթե ​​հիմք ընդունենք 9 տարվա ընդմիջումներով լրացված նրա հայտարարագրերը, ապա այսօր Կյուրեղյանի ընտանիքը պետք է շատ ավելի քիչ ունեցվածք ունենա։ Այնուամենայնիվ, նրանց ունեցվածքի բաց տվյալների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տարիների ընթացքում ավելի շատ հողեր են անցել Կյուրեղյանների տիրապետության տակ:

Սումբատ Կյուրեղյանի կինը՝ Գորելովկայի թիվ 2 հանրակրթական դպրոցի տնօրեն Սասնուհի Կյուրեղյանը, 9 տարվա ընթացքում կարողացել է ձեռք բերել 157,3 հեկտար տարածք։ Դրանցից 2015 թվականին երեք հողատարածք է ձեռք բերել մեկ օրում: Պարզվում է՝ խոշոր հողատեր է նաև նրա տեղակալ Լեյլի Մարկոսյանը, որն ունի առնվազն 60 հեկտար հողատարածք: Լեյլի Մարկոսյանը Սումբատ Կյուրեղյանի քույրն է։

Սումբատ Կյուրեղյանի մայրը՝ Մարգարիտ Կյուրեղյանը, Նինոծմինդայի մունիցիպալիտետում ունի ավելի քան 158 հեկտար հողատարածք։ Վերջին 10 տարում նրա ունեցվածքին ավելացել է 28 հա հողատարածք։ Պատգամավորի հայրը՝ Սեյրան Կյուրեղյանը, ունի ավելի քան 139 հեկտար հողատարածք։ 2013 թվականից հետո նրա ունեցվածքն ավելացել է 29 հեկտարով։ 2022 թվականին Սումբատ Կյուրեղյանն իր հայտարարագրում չի նշել ծնողների և երեխաների մասին։

Կյուրեղյանի զավակը՝ Սեյրան Կյուրեղյանը, Գորելովկայում 9 հեկտար վարելահող ունի, թեև պատգամավորի ոչ մի հայտարարագրում դրա մասին տեղեկություն չկա։ Հայտարարագրից դուրս է մնացել նաև երկրորդ զավակին՝ Սիրանուշ Կյուրեղյանին պատկանող Գորելովկայում գտնվող ոչ գյուղատնտեսական հողատարածքը:

Սահմանային հողեր

Ամիրան Խարաիշվիլին Ադիգենից Նինոծմինդա է տեղափոխվել 2010 թվականին և զբաղվում է անասնապահությամբ։ Նա ապրում է Հայաստանին սահմանամերձ Սամեբա գյուղում։ Նրան պատկանող հողերից 3 հեկտարը, այսպես կոչված, սահմանամերձ հողերի գոտում է գտնվում: «Չեք կարող ձեռք տալ այս հողերին»,- ասել է նա։

«Կարծիքը, որ կան այնպիսի հողատարածքներ, որոնք չպետք է օգտագործենք, քանի որ պետությունն այնտեղ պետք է այլ քաղաքականություն իրականացնի, արխայիկ մտայնություն է»,- ասել է մեդիափորձագետ Զվիադ Քորիձեն։ Այս մոտեցումը մտահղացվել է 19-րդ դարում, երբ Եվրոպայում ազգային պետությունների միջև սահմաններ էին հաստատվում։ «Ջավախեթին այս համատեքստում պետք է դիտարկենք, այն ֆոբիաներով, հակաթուրքական ու հակահայկական տրամադրություններով, որ ունի տեղի բնակչությունը, վրացական իշխանությունը շահարկում է։ Նրանց համար, այսպես կոչված, «անվտանգության մարտահրավերների» պատճառով այս հողերին հասանելիությունը սահմանափակ է:

Պատմություն

Ջավախեթին բազմազգ շրջան է, որտեղ ապրում են վրացիներ, հայեր և ռուսներ։ Ջավախեթիի տարածաշրջանում հայերը բնակվում են 19-րդ դարից։ 1840-ական թվականներից Ջավախեթիում հայտնվեցին դուխոբորները՝ միստիկ-ռացիոնալ քրիստոնեական դավանանքի մարդիկ։ Այսօր Գորելովկայում մնացել է մի քանի դուխոբոր ընտանիք։ Ջավախեթիում նաև Աջարիայից էկոմիգրանտներ են վերաբնակցեվել: 1990-ականների սկզբին Աջարիայում տեղի ունեցած սողանքն անօթևան թողեց բնակչության մի մասին: Մերաբ Կոստավա հիմնադրամը ստանձնեց պատասխանատվությունը և աջարացիներին վերաբնակեցրեց Ջավախեթիի գյուղերում։

Հողերի սեփականաշնորհման գործընթացը գյուղերում սկսվել է 90-ականներին, և ստեղծվել են հատուկ հանձնաժողովներ։ Յուրաքանչյուր ընտանիք ստացել է 1,25 հա հողատարածք։ Գյուղացիները հողը մշակում էին, կարտոֆիլ աճեցնում և փոխանակում այլ ապրանքների հետ։ Տեղացիների խոսքով, կար նաև մեծ տարածք, որը պահպանված հողատարածք էր, վարձակալության էր հանձնվել կոլտնտեսության նախագահների և այն ժամանակվա ազդեցիկ անձանց կողմից։ «Այսօր եթե խոշոր հողատերերին հարցնես՝ ո՞վ է եղել քո պապը, կասեն, որ նա կոլտնտեսության նախագահն էր։ Այս մարդիկ և նրանց ժառանգները դեռևս քաղաքական էլիտայի ներկայացուցիչներ են»,- ասել է Ախալքալաքից քաղաքացիական իրավունքների պաշտպան Մախարե Մացուկատովը։

Բարեփոխումների սկսվելու ժամանակ Արա Մարանգոզյանն աշխատում էր Հողի կառավարման գործակալությունում։ Նա հիշում է, որ հողը գրանցելու համար հաճախ փաստաթղթեր են կեղծել. «Իմ գյուղում (Չամձվրալայում) առավելագույնը 15-16 հեկտար են բաժանել ժողովրդին, մնացած 800 հեկտարը գողացել է` ով կարողացել է. ագահները, հզորները, ազդեցություն ունեցողները։ Քանի որ ես հողերի բաժանման գործակալությունում հանձնաժողովի նախագահն էի, քարտեզ ունեի, տեսնում էի այդ անարդարությունը։ Ես չգիտեի, թե որտեղ բողոքեմ»: Նա ասել է, որ մինչ օրս կեղծ անձնագրերի պատճեններ ունի, ինչի պատճառով էլ բազմիցս սպառնալիքների հասցեատեր է դարձել:

Քաղաքացիական ակտիվիստը կարծում է, որ Ջավախեթիում հողերի անհավասար բաշխման պրակտիկան գալիս է դեռևս անցյալ դարի 90-ականներից. «Այնքան հողատիրության մեքենայություններ կային, եթե հիմա ամեն ինչ պարզվի, ապա Վրաստանում պետք է բոլորին բռնեն: Ամեն ընտրությունից հետո ինչ խմբեր գալիս էին, հողերը բաժանում էին»։

2000 թվականին USAID ծրագրի շրջանակներում հանրապետությունում իրականացվել են օրթոֆոտոներ, որոնց արդյունքում սկսվել են հողային տվյալների թվայնացումը և հողամասերի բաշխումը։ Այն ժամանակվա նախագահ Էդուարդ Շևարդնաձեի ստորագրած անձնագրերը տրվել են սեփականության իրավունքը հաստատելու համար:

Մացուկատովը հիշեցնում է, որ խորհրդի այն ժամանակվա նախագահն իր ցանկությամբ տարածել է այդ փաստաթուղթը։ «Մինչ այդ մի քանի գյուղերում մարդիկ չեն կարողացել գրանցել իրենց հողերը՝ նման փաստաթղթի բացակայության պատճառով։ Հետագայում հողամասի գրանցումը հնարավոր է դարձել հարևանների ճշտումով, բայց այս տեղեկությունը չի հասել քաղաքից հեռու գյուղեր»։

Ներկայումս հանրապետությունում հողերի համակարգված հաշվառումն ընթացքի մեջ է։ «Հենց հիմա նայում էի ու քաղաքի վերևում պաստառ կար հողամասի գրանցման մասին, այսօր չեմ հանդիպել, հանել են: Երևի զգացին, որ իզուր է կախված։ Չգիտեմ, թե ինչպես են մյուս մունիցիպալիտետներում, բայց մեզ մոտ այս ծրագիրն ընդհանրապես չի աշխատում»,- ասել է Jnews-ի լրագրող Շուշան Շիրինյանը։ Նրա գնահատմամբ՝ պետական ​​ծրագրի իրականացման ժամանակը սխալ է ընտրված, քանի որ ձմռանը հնարավոր չէ չափագրումներ կատարել։ Նրա տեղեկություններով, ողջ տարվա ընթացքում սակրեբուլոն Ախալքալաքի մունիցիպալիտետում գրանցել է ընդամենը 3 հողամաս։

Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը հեղինակներին տեղեկություն չի տրամադրել այն մասին, թե հողամասերի ժամանակավոր գրանցման շրջանակներում՝ քանի քաղաքացի է հողատարածք գրանցել Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում:

«Ջավախեթիի տարածաշրջանն առանձնանում է շատ բաներով, թեև մերոնք չեն ճանաչում մեր մարզը»։ Բիձինան Ջավախեթին չի սիրում, քանի որ այնտեղ ծառ չկա։ Թբիլիսիի քաղաքական դասը Ջավախեթիի բնակչությանն ընկալում է որպես ընտրական բարիք։ Դրա համար անհրաժեշտ են նաև կլաններ, քանի որ մարդիկ մոբիլիզացվում են կլաններով»,- ասել է մեդիափորձագետ Զվիադ Քորիձեն։ Առաջին անգամ նա Ջավախեթի է այցելել 1990 թվականին: Մինչև 1988 թվականը շրջանը մնացած Վրաստանի համար փակ էր, և այնտեղ հնարավոր էր հասնել միայն հատուկ անցագրով:

«Այն փակվածությունը, որ կար Ջավախեթիում Խորհրդային Միության տարիներին, մինչ օրս անհանգստացնում է վրացական քաղաքական հաստատություններին։ Նրանք պետք է լինեն լուռ, հանգիստ, և այնտեղ ոչինչ չպատահի։ Եթե ​​ինչ-որ բան է լինում, ասում են. «Ինչպե՞ս են համարձակվում, ինչպե՞ս են բարձրաձայնել»:

«Սամցխե-Ջավախեթին միակ տարածաշրջանն է, որտեղ մենք իրական դժվարությունների մեջ ենք, և այնտեղ էլ կփոխենք իրավիճակը», — ասել է Բիձինա Իվանիշվիլին, երբ 11 տարի առաջ եկավ իշխանության:

Քորիձեն կարծում է, որ երկրի իշխանություններից ոչ մեկը չի կարողացել այնպիսի քաղաքականություն մշակել, որը Վրաստանում ապրող էթնիկ բնակչությանը կդարձներ լիարժեք քաղաքացի։ «Նրանք այնպիսի զգացողություն ունեն, որ այլ պետության մեծ ազդեցության տակ են։ Ջավախեթիի հայությունը ամբողջովին փակված էր ու եռում էր սեփական էթնոազգային հյութի մեջ, մեծ էր նաև Ռուսաստանի ազդեցությունը»։

Քորիձեի գնահատմամբ՝ Ջավախեթիում հողի սակավությունը և համատարած աղքատությունը պայմանավորված են երկրում առկա հողային քաղաքականությամբ, որն ունի հանրային աջակցություն։ «Հասարակության մեջ հողի հետ կապված մտավախություններ կան, ենթադրվում է, որ հողը պետք է վերահսկվի և տեր լինի պետությանը, քանի որ Վրաստանը փոքր հողատարածք ունեցող երկիր է։ Մենք հողը չենք դիտարկում որպես զուտ տնտեսական կատեգորիա, դա մեզ համար ավելի շատ քաղաքական ու պետական ​​հայեցակարգ է»։

Պետությունը հողը չի վաճառում, միայն աճուրդի է հանում և 49 տարի վարձակալությամբ հող տալու պրակտիկա է ստեղծում։ Քորիձեն կարծում է, որ դա նույն ոչ ֆորմալ սեփականությունն է, և այս լոբբիստական ​​քաղաքականության արդյունքում այսօրվա վարձակալողներն ու նրանց ժառանգները կօրինականացնեն հողատարածքները։

Այս հրապարակումը վերցված է publika.ge կայքից և կարող է չհամընկնել «Ալիք Մեդիա»-ի տեսակերներին: