Վրաստանի խորհրդարանի դահլիճի պատշգամբում լրագրողները փակցրել են «Պատժե՛ք բռնություն գործադրողներին» գրությամբ պաստառ։
Նշված փաստին արձագանքել է խորհրդարանի խոսնակ Կախա Կուչավան՝ նշելով, որ սա դուրս է գալիս լրագրողական գործունեության սահմաններից:
Խոսնակի խոսքով, հուլիսի 5-ի դեպքերի առնչությամբ հետաքննություն է ընթանում, և բոլոր մեղավորները անպայման կպատժվեն:
Այս պահին նիստը շարունակվում է, և դահլիճի պատշգամբում, որտեղից լրագրողները լուսաբանում են խորհրդարանի աշխատանքը, բռնություն գործադրողներին պատժել պահանջող պաստառը դեռ տեղում է:
Նշենք, որ լրագրողները խորհրդարանի դահլիճի պատշգամբում պաստառը կախել էին նաև նախորդ շաբաթ` ներքին գործերի նախարարի լսումների օրը, ինչը, ի վերջո, հանգեցրեց նիստի խափանմանն ու ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին հեռացավ։
Հիշեցնենք` հուլիսի 5-ից հետո Վրաստանում անհանգիստ է: ԼԳԲՏ համայնքի տապալված Արժանապատվության երթից և լրագրողների նկատմամբ մասսայական բռնությունից հետո քաղակտիվիստները, ընդդիմադիր կուսակցություններն ու լրագրողները շարունակում են փողոցային պայքարի ու այլ մեթոդներով պահանջել կառավարության հրաժարականը: Օրերս կառավարության շենքում լրագրողներն ու օպերատորները պերֆորմանսով ընդհատել են կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի հերթական նիստը, մի քանի րոպե պահել մահացած Լեքսո Լաշքարավայի լուսանկարները, որոնցում երիտասարդ օպերատորը ծեծված է, աչքը լուրջ վնասված: Լրագրողները նաև վարչապետի հրաժարականի պահանջով գրությամբ պաստառներ են պարզել, այդ ամենը հեռարձակել ուղիղ եթերում: Ֆորմուլա լրատվամիջոցի ներկայացուցիչն ասել է, որ լրագրողական համայնքը համակարծիք է` հոմոֆոբ և բռնություն թույլ տվող վարչապետն ու կառավարությունը պետք է հեռանան: Հիշեցնենք նաև, որ Ղարիբաշվիլին արդեն արձագանքել է իր հրաժարականի պահանջին, ասել է, որ նման մտադրություն չունի, իսկ այս ամենը համարել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի սցենար: