Հարյուրավոր մարդիկ այսօր կրկին Թբիլիսիի փողոցներում էին:
Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը և հուլիսի 5-ի անկարգությունների կազմակերպիչների պատիժը պահանջող մեծամասշտաբ հերթական ակցիան անցկացվեց:
Ակցիան սկսվեց ծայրահեղական հոմոֆոբ խմբավորումների կողմից լրագրողների նկատմամբ բռնության տեսանյութերի ցուցադրությամբ:
Հանրահավաքի հիմնական կարգախոսները` «Բռնարարները պետք է պատժվեն» և «Իրակլի Ղարիբաշվիլի՝ հրաժարական տվեք»:
Ելույթ ունեցողների թվում էին հեռուստահաղորդավարներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, քաղաքացիական ակտիվիստներ:
Լրագրողների բողոքի ցույցերը Վրաստանում սկսվեցին անցյալ կիրակի ՝ ԼԳԲՏ հակաակտիվիստների կողմից դաժան ծեծի ենթարկված` «Պիրվելի» հեռուստաընկերության օպերատոր Լեքսո Լաշքարավայի մահից հետո:
Լաշքարավան վնասվածքներով հոսպիտալացվել էր, վիրահատվել, մի քանի օր անցկացրել հիվանդանոցում ու դուրս գրվել, օրեր անց` մահացել անհայտ հանգամանքներում:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Լաշքարավայի հանկարծակի մահը կապում է թմրանյութերի գերդոզավորման հետ: Լաշքարավայի մտերիմներն ու գործընկերները չեն վստահում փորձաքննությանը, իսկ ընտանիքը կարծում է, որ իշխանությունները մեծ արշավ են սկսել նրան վարկաբեկելու համար:
Ընդհանուր առմամբ` հուլիսի 5-ին հոմոֆոբ գործողությունների ընթացքում տարբեր լրատվամիջոցների 53 աշխատակից է տուժել: Այս պահի դրությամբ` այդ օրվա անկարգությունների գործի շրջանակներում նույնականացվել և բերման է ենթարկվել 24 անձ: Անկարգությունների կազմակերպման համար դեռ ոչ ոքի մեղադրանք չի ներկայացվել: