Վրաստանի իշխող կուսակցության քաղխորհուրդն արձագանքել է «Վրացական երազանքի» կառավարության ներկայացուցիչների նկատմամբ վիզային սահմանափակումներ մտցնելու Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը։ Իշխող թիմը ԱՄՆ-ի կառավարությանը մեղադրել է 2012 թվականից «հակավրացական հռետորաբանության» մեջ և նշել, որ այն հատկապես ակտիվացել է 2021-22 թվականներին:
Ըստ իշխող թիմի՝ «Էնթոնի Բլինքենի անունից արված հայտարարությունը և վիզային սահմանափակումների վերաբերյալ շանտաժը ոչ այլ ինչ են, քան Վրաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը սահմանափակելու կոպիտ փորձ, ինչը հատկապես ցինիկ է այն բանի ֆոնին, որ Վրաստանը երկու օրից կնշի Ազգային Անկախության օրը»:
«Սա աննախադեպ իրադարձություն է համաշխարհային քաղաքականության պատմության մեջ, երբ մի երկրի պաշտոնական ներկայացուցիչը պատժամիջոցներով սպառնում է մեկ այլ երկրի օրենսդիրին՝ միայն այն պատճառով, որ նա կողմ է քվեարկել թափանցիկության օրենքին։ Այս իրադարձությունը մոխրագույն տառերով կգրվի համաշխարհային քաղաքականության պատմության մեջ»,- ասված է «Վրացական երազանք»-ի հայտարարության մեջ։
Իշխող կուսակցությունը հատկապես մտահոգված է, որ պատժամիջոցները կարող են ազդել նաև իրենց ընտանիքների անդամների վրա։ Հայտարարության մեջ իխշող թիմը չի մոռացել հիշատակել նաև վրացի դատավորների նկատմամբ կիրառված պատժամիջոցները. «Մի քանի ամիս առաջ Բլինքենի անունից առանց որևէ հիմնավորման և փաստի վրացի դատավորների նկատմամբ կիրառվեց վիզայի նման սահմանափակում, իսկ հետո նրանք ցինիկաբար հայտարարեցին, որ չեն պատրաստվում փաստեր ներկայացնել, և մենք ինքներս պետք է հետաքննենք հարցը։ Չնայած վիզային սահմանափակումներին՝ դատական համակարգը շարունակում է նորմալ գործել, և այս որոշումը չի ազդել վրացական դատարանների անկախության վրա»։
«Վրացական երազանք»-ը հայտարարել է, որ «չի պատրաստվում առևտուր անել երկրի ինքնիշխանությամբ և անվտանգությամբ». «Ոչ մի շանտաժ չի կարող մեզ ստիպել քայլ անել մեր երկրի դեմ։ Նման իրավիճակում պատժամիջոցները միայն հակաարդյունավետ են և վնասում են պատժամիջոցներ սահմանողին»: