
Վրաստանում Բրիտանիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել, ըստ որի` Միացյալ Թագավորության կողմից Վրաստանի չորս պաշտոնյաների դեմ պատժամիջոցների փաթեթի պատճառը 2024 թվականին սկսված օրինական բողոքի ակցիաների ժամանակ մարդու իրավունքների լուրջ խախտումներն են:
«Մեծ Բրիտանիան առաջին պետությունն է, որը պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի գլխավոր դատախազի նկատմամբ, նաև Վրաստանի Հատուկ քննչական ծառայության ղեկավարի նկատմամբ, որը հիմնովին չի քննել ցուցարարների ցրման դեպքերը։ Միացյալ Թագավորության մարդու իրավունքների համաշխարհային պաշտպանության 2020 թվականի կանոնակարգերի համաձայն՝ Մեծ Բրիտանիան այսօր պատժամիջոցների փաթեթ է ներկայացրել Վրաստանի չորս պաշտոնյաների նկատմամբ՝ մարդու իրավունքների լուրջ խախտումների համար` որպես պատասխան 2024 թվականին սկսված լեգիտիմ բողոքի ակցիաների ճնշման»,- կարդում ենք հաղորդագրության մեջ:
Դեսպանատունը նշել է, որ իրենց գործողությունները համահունչ են Մեծ Բրիտանիայի կառավարության միջազգային գործունեությանը, որի նպատակն է պաշտպանել մարդու իրավունքները, նվազեցնել գլոբալ անկայուն միջավայրը և կանխել սպառնալիքները՝ Միացյալ Թագավորության ազգային անվտանգությունն ապահովելու համար։
Դեսպանատունը նաև հրապարակել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լեմիի հայտարարությունը, որտեղ ասված է, որ Բրիտանիան կշարունակի դիտարկել իր բոլոր հնարավոր միջոցները, քանի դեռ Վրաստանը չի փոխել ներկայիս որդեգրած ուղղությունը։
Հիշեցնենք. Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությունը պատժամիջոցներ է կիրառել «Վրացական երազանք»-ի չորս բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ։
Նրանք են՝
- Շալվա Բեդոիձե (ՆԳՆ փոխնախարար)
- Միրզա Կեզևաձե (Հատուկ հանձնարարությունների վարչության պետի` Զվիադ Խարազիշվիլիի տեղակալ)
- Կոկա Կացիտաձե (Հատուկ քննչական ծառայության ղեկավար)
- Գիորգի Գաբիտաշվիլի (գլխավոր դատախազ)
Պատժամիջոցները վերաբերում են ֆինանսական միջոցառումներին և ճանապարհորդական արգելքներին։ Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ վերոնշյալ անձինք թույլ են տվել մարդու իրավունքների լուրջ խախտումներ։