Այսօր՝ մայիսի 1-ին, մեկնարկում է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կուպմանը այցը Վրաստան։ Այցի նախապատմությունը «Վրացական երազանքի» նախաձեռնած «գործակալների մասին» օրենքը խորհրդարան վերադարձնելն ու զանգվածային բողոքի ցույցերը են, որ բազմիցս ուժի կիրառմամբ ցրում են ոստիկանները
Ըստ ԵՄ ներկայացուցչության՝ մայիսի 1-ին և 2-ին Վրաստան կատարած այցի ընթացքում Գերտ Յան Կուպմանը կխոսի ԵՄ-ի և Վրաստանի միջև համագործակցության, այդ թվում՝ թեկնածուի կարգավիճակի հետ կապված 9 քայլերի կատարման համար անհրաժեշտ աշխատանքի մասին: Նա կհանդիպի կառավարության, խորհրդարանական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, կմեկնարկեն ԵՄ–ից ֆինանսավորվող մի շարք ծրագրեր, որոնց նպատակը Վրաստանի ոռոգման ցանցի վերականգնումն է, ներդրումների խթանումը վերականգնվող էներգիայի արտադրության ներուժի ավելացման և միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների համար ազգային արժույթով վարկերի խրախուսման համար:
«Կարծում եմ՝ հիմա հարմար պահ չէ Վրաստանի կառավարության հետ նոր նախագծերի մասին հայտարարելու համար»,- X սոցիալական ցանցում գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը:
Եվրախորհրդարանի պատգամավորը կարծում է՝ ավելի լավ կլինի, որ Եվրամիությունը դադարեցնի Վրաստանի գործադիր իշխանության ֆինանսավորումը և որքան հնարավոր է շուտ պատժամիջոցներ կիրառի Բիձինա Իվանիշվիլիի դեմ։ Ֆոն Կրամոնը կարծում է, որ դա հենց այն է, ինչն ակնկալում է Վրաստանի ժողովուրդը։
Ընդգծենք՝ երեկ, ապրիլի 30-ին, մի քանի ժամ շարունակ ոստիկանները ուժով փորձում էին ցրել ցույցը։ Սկզբում ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ՝ «պղպեղի սփրեյ» են կիրառել, իսկ ավելի ուշ սկսել են օգտագործել ջրի շիթեր և արցունքաբեր գազ։ Դրանց հետևանքով բազմաթիվ մարդիկ են վիրավորվել, այդ թվում՝ լրագրողներ ու քաղաքական գործիչներ։ Բռնություն է կիրառվում նաև կոնկրետ լրագրողների ու օպերատորների նկատմամբ:
«Ալիք Մեդիա Վրաստան»-ն արձանագրել է կադրեր, որտեղ հատուկջոկատայինները ծեծի են ենթարկում քաղաքացիներին, կանանց ու լրագրողներին:
Հավելենք նաև, որ երեկ խորհրդարանում ընթանում էր օրինագծի երկրորդ ընթերցումը, որը կշարունակվի այսօր՝ մայիսի 1-ին: Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեի խոսքով՝ օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կարող է տևել երկու-երեք օր։