Ամերիկացի դեմոկրատ սենատորներ Ջին Շահինը և հանրապետական Ջիմ Ռիշը համատեղ հայտարարություն են տարածել Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Սենատորների խոսքով՝ ժամանակն է, որ վարչակազմն օգտագործի ԱՄՆ-ի տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները, այդ թվում՝ պատժամիջոցները։
Նրանց կարծիքով` վրաց ժողովուրդն իրավունք ունի իմանալու, որ ԱՄՆ-ն անգործության չի մատնվի, երբ այս իրավիճակը վատթարանա։ Սենատորները մտահոգություն են հայտնել խաղաղ ցուցարարների նկատմամբ իշխանությունների բռնությունների վերաբերյալ։ Սենատորները կոչ են արել Պետդեպարտամենտին հստակ և միանշանակ հայտնել իր դիրքորոշումը խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման վերաբերյալ։
«ԱՄՆ Կոնգրեսում վրաց ժողովրդին երկկուսակցական և երկպալատ աջակցություն կա, և մենք կաշխատենք, որպեսզի Վրաստանի կառավարությունը և ընտրություններին միջամտելու, խաղաղ բնակչության նկատմամբ բռնության և Վրաստանի տարածքային ամբողջականությունը խաթարող այլ գործողությունների համար պատասխանատուները պատասխանատվության ենթարկվեն», — ասված է հայտարարության մեջ։
Նրանք ԱՄՆ-ի և՛ ներկայիս, և՛ ապագա վարչակազմերին խնդրել են աջակցել Վրաստանում ազատությանը և ժողովրդավարությանը. «Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը դադարեցնելու Բայդենի վարչակազմի որոշումը լավ սկիզբ է, բայց այժմ ժամանակն է օգտագործելու ԱՄՆ կառավարության տրամադրության տակ եղած բոլոր գործիքները, ներառյալ պատժամիջոցները, հիշեցնելու վրացական կառավարությանը, որ գործողություններն ունեն հետևանքներ»:
Ամերիկայի Միացյալ Նահանգները դադարեցրել է ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ:
ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ գրված է՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, դադարեցնելով Վրաստանի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը, մերժեց Եվրոպայի հետ սերտ կապերի հնարավորությունը և Վրաստանն ավելի խոցելի դարձրեց Կրեմլի համար: